Մատչելիության հղումներ

Օտարերկրյա գործարարների համար Հայաստանը «գերազանցապես ազատ» երկիր է


Չորեքշաբթի օրը հրապարակվեց տնտեսական ազատությունների ինդեքսը: Հեղինակավոր Wall Street Journal-ի եւ Heritage Foundation-ի հետազոտական կենտրոնի համատեղ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը 2005 թվականին առաջ է անցել ոչ միայն իր բոլոր հարեւաններից, այլեւ մի շարք առաջատար եվրոպական երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Նորվեգիայից, Իսպանիայից, Իտալիայից ու Ֆրանսիայից: Հայաստանը բնութագրվել է իբրեւ «գերազանցապես ազատ» տնտեսություն ունեցող երկիր:

2005 թվականի զեկույցում (որն ամփոփում է 2004 թվականը) Հայաստանը զբաղեցնում էր 35-րդ տեղը: Իսկ այս տարվա ուսումնասիրության համաձայն՝ 26-րդն է: Համեմատության համար ասենք, որ Ֆրանսիան այս տարի զբաղեցրել է 44-րդ տեղը:

Wall Street Journal-ը եւ Heritage Foundation-ը իրենց հետազոտությունը հիմնում են 10 ցուցանիշների վրա. առեւտրական քաղաքականություն, երբ կառավարությունը ոչ մաքսային սահմանափակումներ է դնում ներմուծվող ապրանքների վրա, կամ, ասենք, բարձր մաքսեր է սահմանում ներմուծվող ապրանքների համար՝ այդպիսով սահմանափակելով ապրանքների ազատ ներմուծումն ու արտահանումը:

Ցուցանիշներից մեկն էլ այն է, թե որքան ծանր է կառավարության դրած հարկային բեռը բնակչության վրա: Այս հարցում Հայաստանը անցյալ տարվա համեմատությամբ նույնպես առաջընթաց է արձանագրել:

Կարեւոր ցուցանիշ է նաեւ այն, թե որքան է կառավարությունը միջամտում տնտեսական կյանքին: Այստեղ նունպես բարելավում կա: Դրամական քաղաքականությունը նույնպես լավ գնահատական է ստացել: Դրական են գնահատականները նաեւ բանկային եւ ֆինանսական ոլորտներում:

Իսկ ահա ունեցվածքային հարցերում, սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում թերություններ կան: Մասնավորապես դատական մարմինները այս իրավունքի պաշտպանության հարցերը վճռելիս անկախ չեն գործադիր իշխանությունից՝ կաշառառություն կա:

Հայաստանը լավ գնահատական է ստացել նաեւ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու առումով: 0տարերկրացիները ունեն այն բոլոր իրավունքները, որ տրված են տեղական գործարարներին: Բացառությունը սամնափակումներն են հողի սեփականության հարցում (թեեւ օտարերկրացիները կարող են վարձակալել հողը երկար ժամկետով):

Պետության անհարկի մեծ դերակատարությունը տնտեսության մեջ կաշառառության լրացուցիչ հնարավորություն է ստեղծում: Բարձր չափերի հասնող կաշառառության արդյունքում ընկերությունները իրենց գործունեությունը թաքցնում են ստվերում՝ կառավարության չինոնիկների կամայականություներից խուսափելու նպատակով: Wall Street Journal-ի եւ Heritage Foundation-ի համատեղ հետազոտությունը վկայակոչում է ԱՄՆ-ի առեւտրի պալատի տվյալները, ըստ որի «կաշառառությունը Հայաստանում տարածված երեւույթ է»:

Չնայած այս թերություններին, Հայաստանը բարձր ցուցանիշներ ունի տնտեսական ազատությունների համաշխարհային սանդղակում եւ եթե, ասենք, Հայաստանը զբաղեցնում ենք 26-րդ տեղը, ապա հարեւան Ադրբեջանը 123-րդ տեղում է: Ռուսաստանը զբացեղնում է 122-րդ, Վրաստանը՝ 68-րդ, իսկ Թուրքիան՝ 85-րդ տեղը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG