Մատչելիության հղումներ

Համախառն ներքին արդյունքը աճել է 13,5 տոկոսով


Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ իրական հատվածում Համախառն ներքին արդյունքի աճը երկրում կազմում է 13,5 տոկոս:

Նախարարի խոսքերով, համախառն ներքին արդյունքի աճի գործում իրենց ներդրումն ունեցան նյութական արտադրության հիմնական բազային ճյուղերը, հատկապես՝ շինարարությունը:

«Տարվա արդյունքներով կանցնեք 2 տրիլիոն դրամի սահմանագիծը», - վստահություն հայտնեց Կարեն ճշմարիտյանը: - «Արդեն երկրորդ տարին է, մեր մոտ բնակչության եկամուտների աճը գերազանցում է ծախսերի հավելաճին: Այս տարով դա բարձր նաեւ գնողունակության հետեւանք է՝ ե’ւ գների բարձրացումը, ե’ւ մանրածախ ապրանքաշրջանառության աճը: Ինչպես նաեւ արտաքին առեւտրի շրջանառության աճի հետեւանք է»:

Արտահանման ծավալը, նախարարի ներկայացմամբ, կազմել է 867,4 միլիոն դոլար:

«Հույս ունեմ, որ տարվա ավարտին մենք կա'մ կմոտենանք, կա'մ կանցնենք մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը», - հավելեց նա: - «Մեծացել է նաեւ ներմուծումը. ներմուծման աճը կազմել է 130,4 տոկոս՝ 1 միլիարդ 581 միլիոն դոլար: Սակայն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես արտահանման աճը առաջանցիկ տեմպեր ունի ներմուծման նկատմամբ»:

Ներդրումների առումով եւս, ըստ Կարեն Ճշմարիտյանը, տարին վատը չէր. անցնող տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշով, Հայաստանում իրականցված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 225 միլիոն 700 հազար, որից ուղղակի ներդրումները՝ 138 միլիոն 100 հազար դոլար: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ օտարերկրյա ներդրումների ծավալը կկազմի 380 միլիոն դոլար:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG