Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Բոլորը հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջելու է խաղաղապահների ներկայություն»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե ԵԱՀԿ բարձր պլանավորման խմբի այցերը տարածաշրջան չեն նշանակում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորումը անպայման լինելու է 2006 թվականին:

Չորեքշաբթի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Վարդան Օսկանյանը ասել է, թե հնարավոր խաղաղապահ գործողության պլանավորումը կարող է տեւել 8-ից 12 ամիս: ԵԱՀԿ բարձր պլանավորման խմբի ներկայացուցիչները որոշել են սկսել այդ աշխատանքը հիմա՝ խուսափելու համար հնարավոր իրավիճակից, երբ կողմերը համաձայնության գան հիմնախնդրի կարգավորման շուրջ, իսկ խաղաղապահ օպերացիան նախապատրաստված չլինի:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ բարձր պլանավորման խմբի ներկայացուցիչները տարածաշրջան չեն այցելել 2001 թվականի գարնանը՝ Քի-Ուեսթի հանդիպումից հետո, երբ կողմերը մոտ էին կարգավորման շուրջ համաձայնագրի ստորագրմանը, Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է, թե «քիուսթյան սկզբունքները հակամարտության կարգավորման այլ բնույթ էին ենթադրում, իսկ այսօր բոլորը հասկանում են, որ այն մոդելը, որի շուրջ մենք այսօր աշխատում ենք, պահանջելու է խաղաղապահների ներկայություն»:

Վարդան Օսկանյանը նաեւ կոչ է արել հրաժարվել հակամարտության կարգավորման փուլային կամ փաթեթային տարբերակների մասին «ստերեոտիպային ձեւակերպումներից»:

«Կարող եմ ասել, որ հակամարտության կարգավորման մոտեցումը լինելու է համապարփակ, եւ խաղաղ համաձայնագիրը պատասխան է տալու կողմերին հուզող բոլոր հարցերին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG