Մատչելիության հղումներ

Ադրբեջանում շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ


Ադրբեջանի Կենտրոնական բանկում այսօր կայանալու է ադրբեջանական մանաթի նոր նմուշների շնորհանդեսը, որին մասնակցելու է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: Հայտարարված դենոմինացիայի արդյունքում 1 նոր մանաթը հավասար է լինելու 1 ԱՄՆ-ի դոլարի կամ 5000 հին մանաթի: Նոր թղթադրամները շրջանառության մեջ են մտնելու 2006 թվականի հունվարի 1-ից:

Նոր տարադրամը պատրաստվել է Շվեյցարական բանկի տեխնիկական աջակցությամբ: Պատկերների հեղինակը Ավստրիայի բանկի դիզայներ, եվրոյի դիզայնի հեղինակ Ռոբերտ Կալինան է, ով նախապատվությունը տվել է գրաֆիկական լուծումներին՝ ադրբեջանական նոր թղթադրամը չի ունենա դիմանկարներ, պատմական հուշարձանների նկարներ:

Յուրաքանչյուր թղթադրամ մի իմաստ է խորհրդանշում. 1 մանաթը՝ մշակույթ, 5-ը՝ գրականություն, 10-ը՝ պատմություն, 20-ը՝ Ղարաբաղ, 50-ը՝ կրթություն եւ ապագա, 100-ը՝ էկոնոմիկա եւ զարգացում:

Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Շամբար Մովսումովը հաղորդել է, որ հին մանաթները շրջանառությունից դուրս են բերվելու աստիճանաբար՝ մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը: 2006 թվականին Ադրբեջանում բոլոր գնապիտակների վրա նշվելու են ապրանքների եւ ծառայությունների հին եւ նոր գները:

Փորձագետները նշում են, որ Ադրբեջանը, փաստորեն, հետեւել է Թուրքիայի օրինակին, որտեղ այս տարվա հունվարի 1-ից դենոմինացիայի արդյունքում ազգային տարադրամը՝ լիրան, մաքրել են անիմաստ 6 զրոներից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG