Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին առեւտրում շարունակում է գերակշռել եվրոպական ուղղությունը


Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առեւտրում վերստին գերակշռել է եվրոպական ուղղությունը։ Ավարտվող տարվա 10 ամիսներին Եվրոպայի հետ կատարված առեւտուրը կազմել է երկրի արտաքին առեւտրի 35 տոկոսը: ԱՊՀ երկրներին, մինչդեռ, բաժին է ընկել մեկ քառորդից էլ պակաս։

Ռուսաստանի հետ առեւտրի որոշ աճ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը առայժմ շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առեւտրական գործընկերը, թեեւ այդ երկրի բաժինը մեր երկրի արտաքին առեւտրում 1,5 տոկոսային կետով նվազել է։

Միեւնույն ժամանակ, այս հարցում Հայաստանի երկու խոշոր եվրոպական գործընկերները՝ Գերմանիան եւ Բելգիան, մեր երկրի հետ ունեցած առեւտրի ծավալներով շատ մոտ են Ռուսաստանին։ Եվրոպական երկրներից հատկապես արագ թափով աճում է Հայաստանի առեւտուրը Չեխիայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի հետ։ Դրանց հետ առեւտուրն աճել է ավելի քան երեք անգամ։

Այս տարվա ընթացքում թե’ արտահանման եւ թե’ ներմուծման աճը գերազանցել է տնտեսության աճի տեմպերը։ Ընդ որում, արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը։

Անցյալ տարվա ընթացքում մոտ 50 տոկոսով աճել էր Վրաստանի հետ Հայաստանի առեւտուրը. այս տարի էլ այդ միտումը պահպանվել է. մոտ մեկ երրորդով ավելացել են թե’ այդ երկիր կատարվող արտահանումների եւ թե’ այնտեղից արվող ներկրումների ծավալները։ Սակայն, ավելի աչալուրջ դիտորդները դա բացատրում են ոչ թե անմիջաբար Վրաստանի, այլ Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած միջնորդավորված առեւտրի ծավալների աննախադեպ աճով։ Բացատրութունը թերեւս հետեւյալ է. Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը եւ որպես հետեւանք այդ երկրի տարածքում պաշտոնական եւ ոչ պաշտոնական կառույցների շորթումների ու ռեկետի շոշափելի կրճատումը բարենպաստ են անդրադարձել հայ գործարարների բիզնեսի վրա։

Նույնիսկ հայաստանյան վիճակագրությունը, որ նախկինում այդ հարցում բավականաչափ զուսպ էր, այս անգամ Հայաստան - Թուրքիա առեւտրում ավելի քան 36 տոկոսանոց աճ է արձանագրել։ Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Թուրքիայի հետ Հայաստանի պաշտոնական առեւտուրը կազմել է ավելի քան 48 միլիոն դոլար։ Մինչդեռ, թուրքական կողմի գնահատումներով, իրական առեւտրի ծավալը Հայաստանի հետ այդ թվի առնվազն կրկնապատիկն է։ Միայն անցյալ տարի Հայաստան - Թուրքիա առեւտուրը հատել է 120 միլիոն դոլարի սահմանագիծը։

Փոխադարձ առեւտուրը զարգացել է գլխավորապես սննդամթերքի, հագուստի, կոշկեղենի եւ շինանյութի ներկրումների հիման վրա, ու այդ առումով առեւտուրը միակողմանի է։ 48 միլիոն դոլար փոխադարձ առեւտրից 46 միլիոնը ներմուծումն է Թուրքիայից, ու միայն երկու միլիոնը հայկական ապրանքների արտահանումը դեպի Թուրքիա՝ երրորդ երկրներով։

Մեր մյուս խոշոր հարեւանի՝ Իրանի հետ առեւտուրը վերջին տարիներին ակնհայտ լճացման միտումներ է դրսեւորում. հարավային հարեւանի հետ առեւտրի բաժինը Հայաստանի արտաքին առեւտրում 4,3 տոկոսից իջել է 4 տոկոսի, թեեւ բացարձակ գումարով որոշ չափով ավելացել է։

Իրանական ուղղությամբ լուրջ աճ չի, թերեւս, ակնկալվում առաջին հերթին այդ երկրի կոշտ մաքսային կարգավորումների ու արգելքների պատճառով։ Հավանաբար, Իրանի նոր իշխանությունները, հաշվի առնելով իրենց շուրջը հասունացող միջազգային աննպաստ կացությունը, որոշել են է'լ ավելի խստացնել ապրանքների արտահանման - ներմուծման ռեժիմը։ Մյուս պատճառը եվրոպականի համեմատ իրանական ապրանքների ցածր որակն է։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ շոշափելի առեւտրաշրջանառություն ունեցող հեռավոր արտասահմանի երկրներին, ապա դրանց մեջ լուրջ բաժին ունեցող ԱՄՆ-ի եւ Իսրայելի բաժինները զգալիորեն նվազել են։ 10 ամսվա ընթացքում առաջինի մասաբաժինը կրճատվել է 1,5, մյուսինը՝ 1 տոկոսային կետով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG