Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը գրում է. - «Տարբեր լուրերի համաձայն, Գագիկ Ծառուկյանի հիմնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջնորդելու է «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Շատ նեղ շրջանակում հնչած հարցին, թե ինչո՞ւ է «այդ հանգամանքը գաղտնի պահվում», Դալլաքյանը լոռեցուն հատուկ հումորով պատասխանել է. - «Որովհետեւ շեֆը կհայտնվի վերջին պահին»: Հետո նա պարզաբանել է, որ 2006 թվականի մարտին ձեւավորվելու է կուսակցության համակարգող խորհուրդը, որտեղ չի ֆիքսվելու իր անունը: Բայց վերջին պահին՝ մայիս-հունիսին, հայտարարվելու է, որ կուսակցությունն առաջնորդելու է Վիկտոր Դալլաքյանը: Ի պատասխան հարցին, թե այդ փաստը ինչպե՞ս կընդունեն դաշինքում, Դալլաքյանը ասել է. «Ես դաշինքով չեմ եկել խորհրդարան, հետեւապես իմ հարցերը ինքս եմ լուծում, որեւէ պարտավորություն չեմ ստանձնել ու ազատ եմ որեւէ որոշում կայացնելից»:

«Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասում է. - «Ինչպե՞ս է արտահայտվում հեղափոխական իրավիճակը. ընտրական ինստիտուտները երկրում չեն գործում, երկրորդ՝ իշխանության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն ինքն է խոստովանում, որ երկրում տիրում է անվստահության եւ անարդարության մթնոլորտ, երրորդ՝ իմիտացիա է արվում, թե իբր Ղարաբաղի հարց են լուծում, որին կտրականապես դեմ են Ղարաբաղի իշխանություններն ու Հայաստանի հասարակությունը, չորրորդ՝ սոցիալական իրավիճակը ծայր աստիճան լարված է, եւ դատելով գազի թանկացման այս վերջին «ավետիսից»՝ այդ լարվածությունն ավելի է սրվելու: Եվ եթե նման իրավիճակը հեղափոխական չէ, ապա ես չգիտեմ, թե որ իրավիճակը կարող է համարվել հեղափոխական»:

«Արդարություն» դաշինքը որեւէ դիմում չի ստացել Շավարշ Քոչարյանից», - գրում է «Առավոտ»-ը՝ փոխանցելով, որ «Արդարության» լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը թերթի հարցին, թե մտադի՞ր են արդյոք ԱԺԿ առաջարկով վերլուծել որդեգրված քաղաքականության ձախողման պատճառները եւ վերանայել այն, պատասխանել է. - «Իսկ մամուլի միջոցով դաշինքի առջեւ հարցեր բարձրացնելը համարում ենք անընդունելի»: «Արդարության» այս պատասխանին Շավարշ Քոչարյանն արձագանքել է այսպես. - «Աղվան Հովսեփյանից ոչնչո՛վ չեն տարբերվում. նա էլ որեւէ դիմում չի ստացել, ուստի չի քննարկում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները: Այս դեպքում՝ էլ ինչո՞ւ են բողոքում գլխավոր դատախազից»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը, անդրադառնալով ԱՊՀ երկրներում գազի գնի բարձրացման գործոնին, գրում է. - «Ռուսաստանը նոր քաղաքականություն է որդեգրել տարածաշրջանի երկրների համար, եւ հարաբերությունները այս երկրների հետ լուրջ վերափոխման ժամանակաշրջան են ապրում: Մոսկվան այլեւս չի ցանկանում դոնոր լինել ուրիշ երկրների տնտեսությունների համար՝ պահանջելով գազի համար վճարել այն գումարը, ինչը մոտ է շուկայական գներին: Սա նշանակում է, որ Ռուսաստանը իր հարաբերությունները այսուհետեւ ձեւավորելու է փոխադարձ շահերի սկզբունքի վրա, ինչը նաեւ հնարավորություն կտա մյուս երկրներին՝ նմանատիպ մոտեցում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ»:

«Վրացական կողմի ներկա համառությունը պահպանվելու եւ Հայաստանին «խաղից դուրս» թողնելու պարագայում նրան եւս (ինչպես Ուկրաինային) կարող է առաջարկվել մուծել 1000 խորանարդ մետրը՝ 220 դոլար, կա՛մ էլ ռուսական գազի ծորակը ընդհանրապես կփակվի եւ առաջիկա ձմռանը Վրաստանն ու Հայաստանը կմնան առանց երկնագույն վառելիքի», - գրում է «Հայոց աշխարհ»-ը։ - «Տնտեսական առումով դա պրոբլեմներ կստեղծի երկու երկրների համար էլ, իսկ սոցիալական առումով ավելի շատ կտուժի Վրաստանը։ Հայաստանը ստիպված կլինի իր արտադրած ողջ էլեկտրաէներգիան ծախսել մեր երկրի ներսում՝ ջեռուցումն ապահովելու եւ ձեռնարկությունների ծախսերը հոգալու համար։ Այդ պատճառով ձմռանը Վրաստանին մատակարարվող էլեկտրաէներգիայի ավելցուկ Հայաստանն ուղղակի չի ունենա։ Փաստորեն Վրաստանը կզրկվի ե՛ւ գազից, ե՛ւ էլեկտրաէներգիայից... Վրաստանի համար ավելի վտանգավոր են լինելու Հայաստանը «գազային շրջափակման» ենթարկելու փորձի քաղաքական հետեւանքները։ Փակելով Հայաստան ռուսական գազի մատակարարման ուղիները, իր նախկին ինքնավարությունների ու Ռուսաստանի հետ այսօր ու տեսանելի ապագայում լուրջ խնդիրներ ունեցող Վրաստանը Հայաստանին, Ջավախքին եւ ողջ վիրահայությանը ինքնաբերաբար, իր իսկ ձեռքով կմղի սեփական հակառակորդների ճամբարը։ Այս հանգամանքը, գումարվելով Վրաստանի ներսում առկա ռուսամետ ընդդիմության ակտիվացման փաստի հետ, հենց առաջիկա ամիսների ընթացքում կարող է արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը «Վրաստանում ու նրա շուրջ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG