Մատչելիության հղումներ

Արտասահմանցի ուսանողները պաշտպանում են հայ փաստաբանին


Բուզանդի փողոցում բնակվող 4 ընտանիքների շահերը պաշտպանող փաստաբանը արդեն շուրջ 3 ամիս գտնվում է մեկուսարանում. նա մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու եւ մեծ գումար հափշտակելու մեջ:

Գրիգորյանի պաշտպանները համարում են, որ նա քաղբանտարկյալ է, կալանավորվել է իր գաղափարների ու մասնագիտական գործունեության համար: Իրենց նամակներում այդ պնդումն են արտահայտել նաեւ Լոնդոնի ուսանողները:

«Համալսարանում գործում է մարդու իրավունքներով զբաղվող Amnesty International միջազգային կազմակերպության ուսանողական խումբը, որն էլ հետաքրքրվել է Վահեի գործով», - ասում է նույն համալսարանի ուսանող Բելլա Սարգսյանը, ով պատմել է արտասահմանցի ընկերներին հայ փաստաբանի մասին: Նրա փոխանցմամբ, նամակներ են հավաքվում նաեւ Լոնդոնի ու Բեռլինի մի քանի այլ բուհերում: Amnesty International-ի պաշտոնական դիրքորոշումն առայժմ ստանալ չի հաջողվել միայն այն պատճառով, որ կազմակերպությունն այս պահին չունի Հայաստանի հարցերով պատասխանատու:

«Մինչ այդ Հայաստանում շարունակվում է գործի նախաքննությունը, որը լի է կեղծիքներով», - ասում են Վահե Գրիգորյանի պաշտպանները: Նրա գործընկեր, իրավաբան Կարապետ Բադալյանի պատմելով, քննիչի միջնորդությունը` կալանքը երկարացնելու մասին, դատարանը դեկտեմբերի 2֊-ին բավարարել է: Փաստաբանները միջնորդությունը բողոքարկել են եւ սպասում են պատասխանի: Բացասական պատասխանի դեպքում Գրիգորյանը մեկուսարանում կմնա մինչեւ փետրվարի 7-ը:

Այս ընթացքում հարցաքննվել են փաստաբանի գործընկերները: Կարապետ Բադալյանի ասելով, իրեն, օրինակ, թույլ չեն տվել ավարտել իր ցուցմունքը. - «Ես փաստեր ունեի, որ կարող էին բացահայտել կեղծ ցուցմունքները Վահեի դեմ, բայց քննիչը հայտարարեց, որ ինքն ավարտում է հարցաքննությունը»:

Բադալյանի խոսքով` Գրիգորյանի դեմ վկայություն տված Ալեքսանդր Հակոբյանը մի քանի օր անց Մարդու իրավունքների պաշտպանին գրած նամակում բողոքել է իր հանդեպ եղած ճնշումներից: Հակոբյանը Կարապետ Բադալյանին պատմել է, որ դատախազն ու քննիչն իրեն զանգահարել ու սպառնացել են: Բադալյանի տվյալներով, Ալեքսանդր Հակոբյանը արդեն հեռացել է Հայաստանից:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG