Մատչելիության հղումներ

Կարս - Ախալքալակ երկաթուղու շինարարությունը կսկսվի 2006 թվականի կեսերին


Ադրբեջանի պետական երկաթուղու ղեկավար Արիֆ Ասքերովը հայտարարել է, թե Կարս - Ախալքալակ երկաթուղու շինարարության ծրագրի որոշ ինժեներատեխնիկական աշխատանքներ կավարտվեն մինչեւ տարեվերջ, իսկ բուն շինարարությունը կսկսվի 2006 թվականի կեսերին:

«Թրենդ» գործակալությանը Ասքերովը հայտնել է, որ դեկտեմբերի 5-ից 7-ը Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջկառավարական աշխատանքային խմբերի ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցել են նաեւ թուրքական «Յուքսել - Դոմանիչ» ընկերության ներկայացուցիչները:

Ասքերովի խոսքերով, վրացական կողմը հայտարարել է, որ անհրաժեշտ է ծանոթանալ առկա սոցիալ-տնտեսական եւ մարկետինգային իրավիճակին եւ ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ծավալների կանխատեսումներին: Թուրքական կողմը հավաստիացրել է, որ բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն մինչեւ 2006 թվականի փետրվարը:

Ըստ նախնական գնահատումների, երկաթուղու կառուցման համար կպահանջվի շուրջ 250 միլիոն դոլար, որից 200 միլիոնը Թուրքիայում, 50 միլիոնը՝ Վրաստանում: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 400 միլիոն դոլար է: Տեխնիկատնտեսական հիմնավորումը իր վրա է վերցրել թուրքական կողմը՝ հատկացնելով 1 միլիոն դոլար:

Ջավախքի Ժողովրդավարական կուսակցության խորհրդի անդամ Վահագն Չախալյանը այս ամիս ավելի վաղ հայտնել էր «Ռեգնում»-ին, որ տեղի հայ բնակչությունը կտրականապես դեմ է այս նախագծի իրագործմանը. - «Սա հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ջավախքի շահերին, քանի որ կուժեղացնի թուրքական տարրի մուտքը տարածաշրջան, ինչպես նաեւ կսաստկացնի Հայաստանի շրջափակումը: Մենք մտադիր ենք ակտիվորեն խոչընդոտել այս աշխատանքները՝ հնարավոր բոլոր միջոցներով», - հայտարարել է Վահագն Չախալյանը:

Այս տարվա սկզբին 800 միլիոն դոլար արժողությամբ երկաթուղու կառուցման ծրագիրը նախաձեռնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչին հետեւել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնի պատասխանը՝ թիվ 3361 բանաձեւի տեսքով, որը պահանջում է արգելել Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունը Հայաստանը շրջանցող այս երկաթուղու շինարարությանը: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նաեւ Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման շուրջ իրենց մտահոգությունն էին հայտնել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին ուղղված նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG