Մատչելիության հղումներ

Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 236 միլիոն դոլարի դրամաշնորհը Հայաստանին


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կողմից ստեղծված «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը երկուշաբթի օրը Վաշինգտոնում հայտարարել է Հայաստանին 236 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու մասին:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում կորպորացիայի նախագահ, դեսպան Ջոն Դանիլովիչը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանը «մեծ հաջողության համար». - «Հայաստանը մշակել է ինտեգրված, արդյունավետությանը միտված մի ծրագիր, որը գյուղական շրջանների համար աշխատատեղերի ավելի մեծ հնարավորություններ կստեղծի»:

Նամակում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենը շեշտել է «Միացյալ Նահանգների նվիրվածությունը հայ ժողովրդին»՝ միաժամանակ քննադատելով Հայաստանի կառավարությանը:

Ջոն Դանիլովիչը, մասնավորապես, ասել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհրդի որոշման հետաձգման պատճառը նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի անցկացման հետ կապված մտահոգություններն են՝ կեղծիքներ, ընտրական գործընթացի չարաշահումներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամների նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունք եւ մամուլի մատչելիության անհավասարություն»:

Դեսպան Դանիլովիչը նախագահ Քոչարյանին ուղղված նամակում գրում է նաեւ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ցուցանիշների սանդղակում, որը կոչվում է «արդար կառավարում», Հայաստանը երկու կետով նահանջ է ապրել:

Նշվում է նաեւ, որ կառավարող խորհուրդը տեղյակ է պահել Հայաստանի կառավարությանը, թե «քաղաքական իրավունքների, լրատվամիջոցների մատչելիության եւ քաղաքական ազատությունների ասպարեզում անհրաժեշտ է առաջընթաց արձանագրել, այլապես ծրագիրը կարող է սառեցվել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարվել»: Սրանք քայլեր են, որ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի քաղաքականության համաձայն, կարող են ձեռնարկվել նույնիսկ դրամաշնորհի հատկացման մասին որոշումը ստորագրելուց հետո:

«Սահմանադրական հանրաքվեի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները մեզ առիթ են տվել հարցնելու՝ արդյո՞ք այդ առաջընթացը կատարվում է: Մենք սպասում ենք Ձեր կառավարության քայլերին, որոնք կվկայեն, որ Դուք մեծ ցանկություն ունեք բարելավելու Ձեր կատարողականը», - ասված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի նամակում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG