Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են ճանաչվել


Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհում ազատության խնդիրները, այսօր հրապարակել է հերթական ամենամյա զեկույցը:

Freedom House-ը երկրները բաժանում է երեք կատեգորիաների՝ «ազատ», «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ»:

Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» երկրների շարքում: Լեռնային Ղարաբաղը, որը զեկույցում դիտվում է իբրեւ «վիճելի տարածք», նույնպես համարվել է «մասամբ ազատ»: Այդ խմբից է նաեւ Աբխազիան: Մինչդեռ, Մերձդնեստրը «ոչ ազատ» է, իսկ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը՝ «ազատ»:

Ըստ Freedom House-ի նոր զեկույցի, 2005 թվականին ազատությունն «ընդհանուր առմամբ ամրապնդել է դիրքերն աշխարհում»: 89 երկիր «ազատ» է, 58 երկիր՝ «մասամբ է ազատ», 45 երկիր՝ «ոչ ազատ»:

Պետությունների վարկանիշը որոշելիս Freedom House-ը հաշվի է առել 2004 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 30-ը տեղի ունեցած իրադարձությունները:

Հայաստանի հարեւաններից Վրաստանը եւ Թուրքիան «մասամբ ազատ» են, ընդ որում՝ այդ խմբում գրավում են Հայաստանից ավելի բարձր տեղեր:

Իրանը եւ Ադրբեջանը գնահատվել են «ոչ ազատ»:

Ուկրաինան ստացել է «ազատ» երկրի կարգավիճակ, Ռուսաստանը «մասամբ ազատ» խմբից նահանջել եւ տեղ է գրավել «ոչ ազատների» խմբում:

ԱՊՀ երկրներից «ոչ ազատների» խմբի ամենաստորին տեղերում են Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, որոնք զիջում են Հյուսիսային Կորեային, Լիբիային, Կուբային, Սիրիային, Սուդանին եւ Բիրմային:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG