Մատչելիության հղումներ

Փամուկի դատավարությունը հետաձգվել է


Աշխարհահռչակ գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությունը հետաձգվել է մինչեւ 2006 թվականի փետրվարի 7-ը: Այս ընթացքում Թուրքիայի արդարադատության նախարարությունը պիտի որոշի, թե որ օրենսգրքով է դատապարտվելու Փամուկը` հի՞ն, թե՞ նոր:

Ըստ Թուրքիայի արդարադատության նախարարի, Փամուկը պիտի դատվի հին օրենսգրքով, քանի որ հայերի ցեղասպանության եւ քրդերի կոտորածի մասին հայտարարությունները, որոնց համար այսօր գրողը կանգնել է դատարանի առջեւ, Փամուկն արել է փետրվարին՝ նախքան թուրքական նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը: Իսկ հին օրենսգիրքը պահանջում է, որպեսզի դատավարությունը շարունակելու համար դատարանն ունենա Արդարադատության նախարարության որոշումը:

Փամուկի համախոհ, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի տպավորությամբ, թուրքական կառավարությունը փորձում է այս քայլերով սողանցքներ գտնել` Փամուկի դեմ դատական գործը կասեցնելու համար:

«Սակայն մենք պայքարում ենք ոչ թե Փամուկին, Դինկին, այլ՝ Թուրքիան այս կարգերից ազատելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նշեց Դինկը: - «Եվ մենք մեր պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ»:

Դատավարությանը Փամուկի երկրպագուներից բացի աննախադեպ ուշադրությամբ հետեւում էին նաեւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները: Վերջիններս խիստ հիասփաթված են այսօր հեռացել դատարանի դահլիճից:

Եվրախորհրդարանի անդամ Քամիլ Եվրոլինգն ասել է. - «Եթե Թուրքիան ուզում է շարունակել ճանապարհը դեպի Եվրամիություն, իսկ ես կարծում եմ, որ ուզում է, պետք է ապահովի խոսքի ազատությունը, ինչը հիմնարար անհրաժեշտություն է»:

«Պետության հեղինակությանը հասցրած վնասը մի մեղադրանք է, որ հատուկ է բռնապետական, բայց ոչ եվրոպական պետություններին», - լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Դենիս Մակշանը:

Սակայն անգամ թուրք վելուծաբաններն ու լրագրողներն են փաստում, որ այս դատավարությունը շատ ավելի մեծ հարված է հասցրել Թուրքիայի միջազգային վարկին, քան շվեյցարական թերթում Փամուկի արած հայտարարությունները՝ մեկ միլիոն հայերի ցեղասպանության ու քրդերի կոտորածի մասին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG