Մատչելիության հղումներ

SMS-֊ը գրավում է աշխարհը


Այս կարճ տեքստերից օգտվում են հատկապես երիտասարդները՝ դա են փաստում վիճակագրական տվյալները աշխարհի տարբեր երկրներում: Դրանց միջոցով երիտասարդները ողջույններ ու շնորհավորանքներ են ուղարկում, ժամադրվում են, դեպքեր ու անեկդոտներ պատմում, շատերն անգամ ծանոթանում ու ամուսնանում են SMS-ի միջոցով:

Ու քանի որ դժվար է 160 տառի սահմաններում տեղավորել ամբողջ ասելիքը, երիտասարդները հատուկ կրճատ լեզու են ստեղծել: Գրեթե բոլոր երկրներում SMS -ի լեզուն անգլերենն է, հետեւաբար ասենք «դու» բառի փոխարեն բավական է գրել անգլերեն «U» տառը:

Շատերի կարծիքով, կարճ հաղորդագրությունը վտանգում է երիտասարդների շփվելու եւ ազատ արտահայտվելու ունակությունը: Բայց, օրինակ, Մեծ Բրիտանիայի Փլիմութ համալսարանի հոգեբան Ֆրեյզեր Ռեյդը, ով ուսումնասիրել է կարճ հաղորդագրության սոցիալական եւ հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ SMS -ը նպաստում է շփմանը եւ ընկերական հարաբերությունների ձեւավորմանը.

«Գրպանում կամ պայուսակում բջջային հեռախոս ունենալը քեզ մշտապես հասանելի է դարձնում ընկերներիդ համար, դու էլ նրանց համար ես հասանելի դառնում: Եվ այս շարունակական հասանելիությունը, այս մշտական կապը, ինչպես այն անվանում են մյուս հետազոտողները, հիմնովին փոխում է մեր հասարակության բնույթը», -նշում է հոգեբանը:

SMS -ի վատ ազդեցությունը չեն ընդունում նաեւ հայկական SMS ցանցը գրոհող հայ երիտասարդները, ում համար սա հաճելի զբաղմունք է անգամ դասերի ժամանակ:

Վերջին տարիներին SMS-֊ի մշակույթն աստիճանաբար ներխուժել է նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներ: Օրինակ, Ղրղըզստանում ապրող Ջազգուլ անունով մի աղջիկ ասում է, որ իր կյանքը չի կարող պատկերացնել առանց SMS֊-երի:

«Ես կարողանում եմ 1 րոպեում ուղարկել մոտ 160 նշան: Սա իմ ռեկորդն է, սակայն ես շուտով նոր ռեկորդ եմ սահմանելու, ուղարկելու եմ 160 նշան 30 վայրկյանում», - ասում է նա:

Իսկ Տաշքենդում բնակվող մի ուզբեկ երիտասարդ ասում է, որ իրենք կարճ հաղորդագրության միջոցով են ժամադրվում ու նաեւ սիրո խոսքեր գրում միմյանց: Հայաստանում էլ SMS-ը սեր խոստովանելու միջոցներից է դարձել:

Մեր հարեւան Իրանում երիտասարդներն SMS-ի միջոցով փոխանակում են մտքեր, զգացմունքներ ու պատմություններ, որոնք արգելված են համարվում իրենց երկրում.

«Միմյանց հետ հաղորդակցվելու համար նրանք օգտագործում են այս միջոցը, քանի որ կարճ հաղորդագրությունը հնարավորություն է տալիս նրանց արտահայտելու բաներ, որոնք անկարելի է բարձրաձայն արտահայտել՝ սիրո խոստովանություններ, մտքեր, որ Իրանում արգելված են համարվում, նույնիսկ կատակներ, որոնք անընդունելի են իրանցիների համար: Սեռական հարաբերությունները եւս այդ թեմաների շարքում են»,- պատմում է Թեհրանի մեր գործընկեր Էբրահիմ Սոլեյմանին:

SMS -ը հաճախ նաեւ քարոզչության միջոց է ծառայում: Իրանում կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ SMS-ը ծաղրում էր թեկնածուներից մեկին: Բայց «Թալիբը գալիս է» բովանդակությամբ SMS֊-երն անգամ չխանգարեցին Մահմուդ Ահմադինեջադին դառնալ նախագահ:

Քաղաքականացված SMS-ի բաժին է հասել նաեւ հայաստանցիներին: Սահմանադրական հանրաքվեի օրը բջջային օպերատորները շտապում էին հիշեցնել հայաստանցիներին ընտրելու իրենց իրավունքի մասին: Իսկ ընդդիմադիր երիտասարդներն իրենց ընկերներին SMS էին ուղարկում հետեւյալ բովանդակությամբ՝ «Թռչնային գրիպը Հայաստանում տարածվում է «այո» քարոզող բազեների միջոցով»:

Ի դեպ, Հայաստանում գործող 2 օպերատորներից այդպես էլ հնարավոր չեղավ վիճակագրական որեւէ տվյալ ստանալ երկրում SMS-ի տարածման չափերի մասին՝ կամ տեղեկություններ չունեին, կամ էլ պատասխանատուները տեղում չէին:



Հասմիկ Սմբատյան եւ Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG