Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «168 ժամ»-ի հարցազրույցում ասում է. - «Ես վստահ եմ, որ Հայաստանը այս իրավիճակից դուրս բերելու միակ ելքը հեղափոխությունն է, որը պետք է անել բոլոր ոլորտներում: Ընդհուպ՝ թատրոններում, որտեղ դերասանների մեծ մասը անգույն ու անտաղանդ մարդիկ են՝ իրենց անտաղանդ ներկայացումներով: Ամեն ինչ չափից ավելի մոխրագույն է դարձել, մեդալներ ստացող ու անհեթեթ տեսակետներ արտահայտող նույն հոգնած դեմքերն են ամենուր: Իսկապես ակնհայտ է այսօր, որ թե’ ընդդիմադիր, թե’ իշխանության ճամբարում տեղի են ունենում վերադասավորումներ, եւ վստահեցնում եմ՝ այն ճամբարը, որը կոնկրետ վերադասավորումներ կանի ու ապագա Հայաստանի մասին իր մոտեցումներով ավելի արագ հանդես կգա հասարակության առջեւ, նա էլ հաղթելու է»:

«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Հայոց ընդդիմադիր միտքը հավանաբար աշխարհում առաջատար դիրքերն է նվաճել չկայացած հեղափոխությունների տեսությունը մշակելու հարցում: Ամեն գարուն ու ամեն աշուն՝ չհաշված ամառն ու ձմեռը, մեզ շարունակ ինչ-որ հեղափոխություններ են խոստանում: Եվ նույն նախանձելի պարբերականությամբ ամեն գարուն ու ամեն աշուն՝ չհաշված ամառն ու ձմեռը, մեզ երկար-բարակ բացատրում են, թե ինչու այն իրավիճակները, որոնք հարյուր տոկոսով պետք է հեղափոխության վերածվեին, չեն վերածվում հեղափոխության»:

«Ահա տեղադրեցին Առնո Բաբաջանյանի արձանը: Տառացիորեն մի քանի ժամ անց մտավորականներն առյուծաբար նկատում են, որ արձանի եղունգները երկար են, ու խնդրեմ` բաց նամակն ու անձնազոհ պայքարը մեր ժողովրդին մարտահրավեր նետած չար ուժերի դեմ պատրաստ են», - խմբագրականում գրում է «Առավոտ»-ը: - «Բայց մի րոպե: Որտե՞ղ են նրանք: Ինչո՞ւ են լռում այդ հանրային ցավով համակվածները նոյեմբերի 27-ին «պատահած» խայտառակ միջոցառումից հետո: Ո՞ւր են նրանց հուզախռով, արտասվաթոր բաց նամակներն առ այն, որ կատարվածը ծաղր ու ծանակ էր հասարակության եւ պետության նկատմամբ: Թե՞ սրանք կարեւոր, համազգային նշանակության հարցեր չեն: Կամ գուցե մեր քաջակորով մտավորականները բավարար չափով տեղեկացված չե՞ն կատարվածի մասին... Իսկ գուցե նրանք պարզապես վախենո՞ւմ են»:

Մեկնաբանելով Վիկտոր Դալլաքյանի խոստովանությունը («2005-ին իշխանափոխության հնարավորություններ չկան»)՝ «Հայոց աշխարհ»-ը հեգնում է. - «Ո՞նց թե չկան։ Բա հոգեվարքի մեջ գտնվող հանցավոր վարչախումբը, բա «երկու օր կանգնենք՝ փախչելու են», բա կրիտիկական մասսան, որը արդեն չի տեղավորվում Երեւանի փոքր կենտրոնում, բա խեղճ ժողովրդի վաղուց սպառված համբերությունը, բա հանրաքվեի պոչից բռնելը... Դե ինչ, մեզ մնում է միայն արձանագրել քաղաքական սեզոնի ավարտը եւ քաղաքավարի շնորհակալություն հայտնել հիասքանչ «Արդարությանը» պատճառած հաճույքի համար»։

«Ազգ»-ի ընթերցողներից մեկը հարցնում է «Հայաստան» հիմնադրամի նախագահ, Ղարաբաղի նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանին. - «Տիկին Նաիրա, պատկերացնենք, որ կռվով Արցախը գրավեցին ազերիները: Ինչպե՞ս եք տեսնում հետագա վիճակը: Խնդրում եմ չպատասխանեք, թե այդպես չի լինի»: Նաիրա Մելքումյանը պատասխանել է. - «Չեմ ասի, որ այդպես չի լինի, որովհետեւ ամեն մի քաղաքական գործիչ, դիվանագետ կամ զինվորական մտածում է նաեւ ամենահոռետեսական սցենարների մասին: Ես էլ եմ մտածել, եւ մտածել եմ, թե ինչ կլիներ, եթե, անհավանական է, բայց լինի կայծակնային ներխուժում Ղարաբաղ. առաջինը` չպիտի մոռանալ, որ Արցախը պահպանվել է հայկական, որովհետեւ լեռնային երկիր է, այսինքն` ամբողջ Արցախը միանգամից գրավել անհնարին է, երկրորդ` դա մեզ հնարավորություն կտա կազմակերպվել եւ արժանի հակահարված տալ: Ինչ վերաբերում է դիվանագիտական-քաղաքական հետեւանքներին, ապա Ղարաբաղ մտնելու ցանկացած փորձ կունենա ամենականխատեսելի հետեւանք` վստահ եմ, միանգամից ե՛ւ ԵԱՀԿ-ն, ե՛ւ ՄԱԿ-ը անպայման քաղաքական հայտարարություններ կանեն անմիջապես, բայց անկախ դրանից` ես վստահ եմ, որ հայկական բանակն անմիջապես հակահարված կտա, իսկ Արցախ ներխուժելու ազերիների հենց առաջին փորձը թույլ կտա կամ ճանաչել միանգամից Արցախի անկախությունը, կամ հայտարարել, որ Արցախը վերամիավորվում է Հայաստանի հետ: Այդ սցենարների մասին բոլորս էլ մտածել ենք»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG