Մատչելիության հղումներ

«Էկոբիբիկը» Երեւանի փողոցներում


Այսօր Երեւանի փողոցներով,հատկապես այն հատվածներում, որտեղ ակտիվ ու մեծածավալ շինարարություն է ընթանում , երթեւեկում էր մի բեռնատար կամ, այսպես կոչված՝ «պանելավոզ»:

Բետոնե սալերի փոխարեն մեքենայում մի խումբ երիտասարդ արվեստագետներ էին եւ «Բամբիռի» ռոք երաժիշտները, ովքեր նվագելով եւ բեռնատարի վրա փաթաթված կտորներին գրաֆիտիներ նկարելով` շրջում էին քաղաքում:

«Մեր ակցիան առաջին հերթին բնապահպանական բնույթի է: Մեր փոքրիկ քաղաքում անթիվ մեքենաների ծուխը, օրեցոր ավելացող «սուպեր» շինությունները, սրճարանները պարզապես խեղդում են, չեն թողնում, որ շնչես: Բացի այդ՝ հոգեբանական մեծ ազդեցություն են ունենում: Այդ ամենը քեզ ասես հետզհետե ոչնչացնում է, դու կորչում ես այդ ամենի մեջ ու վերածվում զոմբիի», - ասում է ակցիայի կազմակերպիչ Ծոմակը:

ՆՓԱԿ-ի բնապահպանական ակցիայի մանակիցները դեմ են շինարարության այն տեսակին, այն կառույցներին, որոնք սպանում են, կործանում, որոնց գոյությունը արդարացված չէ, որոնք վնասակար են թե’ մարդկանց, թե’ բնության համար:

Բնապահպան բեռնատարը, որը կազմակերպիչները կոչել են «Էկոբիբիկ», շրջում էր քաղաքի կենտրոնական փողոցներով:

«Մենք փորձում ենք մեր ժողովրդին, երիտասարդներին որոշ չափով շեղել սոցիալական խնդիրներից՝ մեր քաղաքը տեղափոխելով այս բեռնատարի մեջ` շարժել այն եւ դուրս բերել քարացած իրավիճակից», - ասում է Ծոմակը:

Ծոմակը նպատակ ունի նմանատիպ ակցիա կազմակերպել նաեւ մայրաքաղաքից դուրս եւ այս անգամ ըմբոստ ավտոբուսով շրջել գյուղերում:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG