Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյանը դիմել է Հունգարիայի օմբուդսմանին


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել Հունգարիայի պառլամենտական օմբուդսման Բարնաբաս Լենկովիչին՝ վստահություն հայտնելով, որ վաղը Բուդապեշտում վերսկսվող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարության ընթացքում «դատարանը հավատարիմ կմնա հունգարական օրենսդրության եւ միջազգային իրավունքի արժեքներին»:

«Հայկական կողմը բարձր է գնահատում դատավոր Վասկուտիի ցուցաբերած պրոֆեսիոնալիզմն ու անաչառությունը», - ասված է Լարիսա Ալավերդյանի նամակում: - «Ամենեւին նպատակ չունենալով որեւէ կերպ միջամտել դատավարության ընթացքին, ցանկանում եմ, այնուամենայնիվ, արտահայտել հայ հասարակության անհանգստությունն այս դատավարության ակնհայտ ձգձգման կապակցությամբ: 2 ամսից լրանում է հայ սպայի հրեշավոր սպանության 2 տարին, սակայն մինչ օրս դատարանը վճիռ չի կայացրել»:

«Հաշվի առնելով Հայաստանի հատուկ վերաբերմունքն այս հանցագործությանը եւ մեր հասարակության վստահությունն առ այն, որ հունգարական դատարանի դատավճիռը կլինի արդար ու անաչառ, ամեն դեպքում ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել դատավարության ձգձգումներին, դրանց իրավական հիմնավորվածությանը», - շարունակել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը: - «Համոզված եմ, որ Դուք, որպես Օմբուդսման, մեզանից ոչ պակաս շահագրգռված եք, որպեսզի կայացվի համարժեք դատավճիռ: Վստահ եմ, որ հունգարական դատարանը հավատարիմ կմնա հունգարական օրենսդրության եւ միջազգային իրավունքի արժեքներին»:

Հինգշաբթի օրը նշանակված դատական նիստում հրապարակվելու է Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի Ռամիլ Սաֆարովի առողջական վիճակի վերաբերյալ թվով երրորդ դատական փորձաքննության արդյունքը: Նախորդ երկու փորձաքննությունները տարակարծությունների առիթ էին տվել. առաջին անգամ հունգարացի հոգեբանները որոշել էին, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ 26-ամյա հայ սպային դաժանաբար կացնահարած ադրբեջանցի զինծառայողը մեղսունակ է, իսկ երկրորդ անգամ՝ թե Սաֆարովը լիովին չէր կարող վերահսկել իր գործողությունները, այսինքն՝ սահմանափակ մեղսունակ է:

Ամենախիստ պատիժը, որ կարող է սահմանել հունգարական դատարանը, ցմահ ազատազրկումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG