Մատչելիության հղումներ

Ուկրաինայի համար ռուսական գազի սակագինը կարող է կազմել 220-230 դոլար


Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը այլեւս մտադիր չէ Ուկրաինային գազը վաճառել 160 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց: Մեդվեդեւը ասել է, թե գազի նոր սակագինը կկազմի 220-230 դոլար:

«Իր բանակցային գործընթացով Ուկրաինան ժամանակ է բաց թողել: Եվրոպայում գազի սակագինը շարունակել է բարձրանալ, եւ այսօր 160 դոլարի մասին խոսք անգամ լինել չի կարող», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բեռլինում հայտարարել է Մեդվեդեւը:

Ռուսաստանը եւ Ուկրաինան շուրջ 9 ամիս բանակցում են գազի սակագնի շուրջ, եւ Ուկրաինան ցանկանում էր հասնել գազամատակարարման արտոնյալ պայմանների:

Վերջին անգամ Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել էր 2006 թվականի հունվարի 1-ից գազի սակագինը դարձնել 160 դոլար՝ նախկին 50-ի փոխարեն:

«Մեր առաջարկությունը տարանցման եվրոպական սակագներով պայմանագիր ստորագրելու մասին, ինչից Ուկրաինան միայն կշահեր, չընդունվեց: Ուկրաինական կողմը մերժում է այդ առաջարկությունը՝ ջանալով իր համար գազի մատակարարման արտոնյալ պայմաններ ստանալ եւ դրանով իսկ շանտաժի ենթարկելով «Գազպրոմ»-ին՝ եվրոպական սպառողների հուսալի մատակարարման հարցերով», - ասել է Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG