Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց առաջին բացօդյա սահադաշտը


Չորեքշաբթի օրը մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանում առաջին բացօդյա սահադաշտի բացումը:

Երեւանի քաղաքապետարանը սահադաշտի կառուցմանը հատկացրել էր 450 միլիոն դրամ, իսկ Կարապի լճում բացօդյա սահադաշտ կառուցելու նախաձեռնությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանինն է, ով կտրելով կարմիր ճապավենը՝ բացականչեց՝ «Բրավո»:

Սահադաշտը առաջինը փորձարկեցին Շենգավիթի գեղասահքի դպրոցի մարզիկները եւ հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի անդամները, որոնց անունից ելույթ ունեցողները բոլորն անխտիր շնորհակալություն էին հայտնում Ռոբերտ Քոչարյանին:

«Կարապի լիճը երեւանցիների սիրելի վայրն է: Բայց ձմեռվա պայմաններում Կարապի լիճը անգործ է՝ կարծես մահացած», - իր ելույթում ասաց քաղաքապետ Երվանդ Զախարյանը՝ շեշտադրելով. - «Եվ ահա հանրապետության նախագահի առաջարկությամբ եւ անմիջական նախաձեռնությամբ սկսվեցին Կարապի լճի շինարարական աշխատանքները: Ես ուզում եմ երեւանցիների կողմից շնորհակալություն հայտնել այս բոլորի համար հանրապետության նախագահին»:

Նորաբաց սահադաշտը, քաղաքապետի ներկայացմամբ, կարող է աշխատել օդի մինչեւ 15 աստիճան տաքության պայմաններում, ունի հանդերձարաններ, բուժկետ, չմուշկների վարձակալության կետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG