Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընդդիմության ներկայացուցիչները, ընտրելով կոնկրետ ընտրատեղամասեր, որտեղ, ըստ ԿԸՀ-ին տրամադրված արձանագրությունների, իբր «այո»-ների անշլագ է եղել, մտնում են տվյալ ընտրատեղամասի բնակիչների տներն ու վերջիններիս ուղղում մեկ հարց՝ դուք նոյեմբերի 27-ին ընտրատեղամաս գնացե՞լ եք», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում, որտեղ, ըստ արձանագրությունների, գրանցվել է 1500 «այո», ընդդիմության ներկայացուցիչները մտել են այդ ընտրողների տներն, ու պարզվել է, որ 1700 ընտրողներից 1300-ը ընդհանրապես չի մտել ընտրատեղամաս: Պատկերը նույնն է բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հասցրել են ստորագրություններ հավաքել»:

«Րաֆֆի Հովհաննիսյանի հարցաշարը՝ ուղղված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թեեւ արդարացված է տրամաբանական տեսակետից՝ իրավական եւ քաղաքական առումով այնքան էլ իմաստավորված չէ», - խմբագրականում գնահատում է «Առավոտ»-ը: - «Անիմաստ է որեւէ մեկին նամակով հարցնել՝ արդյոք դու մարդ սպանե՞լ ես, անմեղ մարդկանց հետապնդե՞լ ես, կամ՝ քեզ ընտրվա՞ծ ես համարում նախագահի պաշտոնում: Սովորական իրավիճակներում որեւէ սթափ մարդ չի խոստովանի, որ, ասենք, հարստացել է գողությամբ, մարդ է սպանել կամ, պաշտոն զբաղեցնելու դեպքում, ընտրվել է կեղծիքներով: Եթե, իհարկե, չի ընկել, ասենք, ագիկ Ջհանգիրյանի «կաստալոմների» ձեռքը»:

«Գոլոս Արմենիի»-ին տեղեկացնում է, թե Վազգեն Մանուկյանը նոր կոմիտե է ստեղծում. - «Այս անգամ այն կոչվելու է ոչ թե Ղարաբաղ, այլ Հայաստան: Մանուկյանի աստեղային ժամն անցել է, բայց նա դա երբեք չի խոստովանի, այլ նորանոր կոմիտեներ է ստեղծելու: Այդ սինդրոմը նախկին կոմիտեականների մոտ տարբեր դրսեւորումներ է ունեցել: Աշոտ Մանուչարյանը երկար ժամանակ զբաղվում էր այն բանով, որ պարբերաբար հայտարարում էր հեղափոխության ամսաթվերը: Ռաֆայել Ղազարյանը ամեն առիթով կոչ էր անում ժողովրդին համախմբվել եւ վերջը տալ... Պարոնայք խճճվել են անցյալում եւ արդեն չեն էլ հասկանում, որ նույն գետը երկու անգամ չես մտնի: Գետը փոխվել է»:

«Արդեն փետրվարին գուցե կարելի է ակնկալել հեղափոխական բավականին հզոր ալիք, որի հիմնական վեկտորը կլինի ոչ այնքան ժողովրդավարական ինստիտուտների հաստատումը, որքան հայ հանրության համար ավանդական ազգային հիմնախնդիրը՝ հարկադրաբար «Ղարաբաղը հանձնող» վարչախմբի հեռացման պահանջով», - կանխատեսում է «Իրավունք»-ը: - «Եվ հենց այդտեղ ռեժիմի համար կարող է թակարդի վերածվել այն, ինչը տարիներ առաջ համարվում էր հիմնական հենարան եւ կայունացնող գործոն՝ այսպես կոչված, «ղարաբաղյան կլանը», այսինքն, յուրայիններին իշխանության ներսում կամ բիզնեսում առավել բարենպաստ պայմաններ տրամադրելը: Բնական է, որ նման պայմաններում այդ կոնտինգենտի մեծ մասը ոչ թե կպաշտպանի ռեժիմը, այլ հակված կլինի շուռ գալ նրա դեմ»:

Կանխատեսում է արել նաեւ «Ազգ»-ը. - «Ո՛չ ընդդիմությունը շանս ունի մնալու, ո՛չ էլ իշխանությունը. երկուսն էլ մեծ փոփոխությունների շեմին են: Եվ արդեն դրանք նկատվում են. ընդդիմության մեջ կարծես լիդերների փոխատեղություն է սկսվել, իշխանական կոալիցիայում էլ տրամադրությունները միանշանակ չեն. ով շուտ վերադասավորի ուժերը եւ ձմեռելուց հետո հունվարի վերջերին վերադառնա մի փոքր նորացված կերպարով` նա էլ կթելադրի արդեն նոր խաղի կանոնները»:

«Հիշո՞ւմ եք, թե ինչ հայրենասեր երկրապահներ ունեինք նախկին իշխանությունների օրոք: Հենց որ պաշտոնյաներից մեկը խոսում էր ղարաբաղյան հարցում հնարավոր փոխզիջումների մասին, իսկույն բոցաշունչ ելույթներ էին ունենում, զենքի դիմելու կոչեր անում, Տիգրան Մեծի ու Վարդան Մամիկոնյանի անունները տալիս», - հիշեցնում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ մատուցելով. - «Քոչարյանը եկավ ու ապացուցեց, որ նրանք ոչ թե սկզբունքային հայրենասերներ են, այլ բիզնես են ուզում: Եվ տվեց այդ բիզնեսը... Իսկ մտավորականներին հիշո՞ւմ եք: Հինգհազարամյա մշակույթի ակունքներից էին խոսում, ազգային արժեքների բյուրեղյա համակարգից, ընդվզում էին իշխանությունների դեմ, ու շատերը հավատում էին նրանց անկեղծությանը... Քոչարյանն ասաց՝ «մի նվնվացեք» ու մի երկու մեդալ շպրտեց: Սսկվեցին: Հիմա արդեն այդ մեդալների համար են իրար կոկորդ կրծում»:

«168 ժամ»-ը «Օրինաց առանձնատունը» վերնագրի ներքո հայտնում է. - «Մեր տվյալներով՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը վաճառել է Երեւանի կենտրոնում գտնվող իր մեկ սենյականոց ընդարձակ բնակարանը եւ եղբոր հետ մեծ հողատարածք գնել «Հաղթանակ» զբոսայգուն կից Բաբայան փողոցում: Եղբայրները այժմ զբաղված են Ազգայի ժողովի նախագահի առանձնատան կառուցմամբ: Մինչ բնակարանամուտը Արթուր Բաղդասարյանը կբնակվի կառավարական ամառանոցում՝ Հրազդանի ձորում՝ Ռոբերտ Քոչարյանի հարեւանությամբ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG