Մատչելիության հղումներ

Հայ զինվորականները բաց նամակ են հղել Վրաստանի նախագահին


Հայ զինվորականներ Արկադի Տեր-Թադեւոսյանը, Ժիրայր Սեֆելյանը եւ Արկադի Կարապետյանը՝ արցախյան պատերազմի կամավորականների անունից բաց նամակ են հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն՝ մտահոգություն հայտնելով վերջին շրջանում Ջավախքից եւ վրացական պետության մյուս հայաբնակ շրջաններից ստացվող լուրերի կապակցությամբ:

«Դրանք վկայում են, որ վրացական կառավարությունը որդեգրել եւ գործադրում է տեղի հայ բնակչությունը իր բնօրրանից դուրս մղելու ծավալուն մի ծրագիր: Հանդիպելով հայ բնակչության բնական հակազդեցությանը, իշխանությունը արդեն մի քանի անգամ փորձել է անցնել ուժային մեթոդների», - ասված է բաց նամակում:

Հեղինակները նաեւ նշում են, որ վրացական պետության տարածքում հակահայ գործողությունների հետագա ծավալումը լրջորեն կվնասի հայ-վրացական հարաբերություններին, որոնք կարող էին շատ ավելի բարեկամական լինել:

Կիրակի առավոտյան Ջավախքում Հայաստանի հետ սահմանային գյուղերի, ինչպես նաեւ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հարյուրավոր բնակիչներ էին հավաքվել Վրաստանի եւ Հայաստանի սահմանագծի մաքսային եւ անցագրային կետերի մոտ: Նրանք դիմել էին Ջավախքի նահանգապետին՝ խնդրելով գալ եւ տեղում տեսնել իրավիճակը: Սակայն այն բանից հետո, երբ նահանգապետը հրաժարվել էր գալ, վեճ էր սկսվել տեղաբնակների եւ վրացի մաքսայինների ու սահմանապահների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG