Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում «Արդարություն» դաշինքը կներկայացնի Ստեփան Դեմիրճյանը


«Արդարություն» խմբակցության՝ այսօր կայացած նիստում միաձայն որոշվել է, որ հաջորդ տարի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում խմբակցությունը Շավարշ Քոչարյանի փոխարեն ներկայացնելու է Ստեփան Դեմիրճյանը:

«Շավարշ Քոչարյանը քվեարկությանը չի մասնակցել, սակայն առարկություն չի ունեցել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արդարություն» դաշինքի մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը՝ տեղեկացնելով, թե դաշինքի նիստում միայն այս հարցն է եղել ընդգրկված:

Ստեփան Դեմիրճյանը չցանկացավ մեկնաբանել որոշումը՝ նշելով. - «Մեծ աժիոտաժ չսարքենք դրանից»: Նա հարկ համարեց հատուկ նշել, որ միայն ինքն է կողմ եղել, որ Շավարշ Քոչարյանը շարունակի պաշտոնավարել նաեւ հաջորդ տարի, սակայն դաշինքի մյուս անդամները դեմ են եղել եւ առաջարկել են իր թեկնածությունը. - «Նրանք են այդպես նպատակահարմար գտել»:

Այն դեպքում, երբ խմբակցության մյուս անդամները պայմանավորվել էին լռություն պահպանել, Արշակ Սադոյանը չցանկացավ նրանց շարքերն ամբողջացնել: Ի սկզբանե Շավարշ Քոչարյանին առաջարկվել է ինքնակամ հրաժարական տալ, սակայն նա չի ցանկացել անել դա եւ ասել է, թե քվեարկության արդյունքներին կսպասի:

Շավարշ Քոչարյանը կայացրած որոշումը ընդամենը կորուստ համարեց հենց դաշինքի համար եւ ներկայացրեց ԵԽԽՎ-ում իր անձի ներկայացված լինելու մի ամբողջ ցանկ, որը նպատակ ուներ շեշտելու, թե Դեմիրճյանը, հաստատ, այդ ամենը չի կարող ընդդիմության համար ապահովել:

Շավարշ Քոչարյանը չցանկացավ պատասխանել հարցին՝ արդյո՞ք այդ որոշումից հետո ինքը կլքի «Արդարություն» դաշինքը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG