Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դեկտեմբերի 7-ն այնպիսի օր է, երբ կարծես թե մարդիկ պետք է հեռու մնան տարբեր տեսակի միջադեպերից», - գրում է «Իրավունք»-ը: - «Սակայն զարմանալիորեն միջադեպ արձանագրվեց հենց Գյումրիում եւ հենց Ռոբերտ Քոչարյանի այցի ժամանակ: Երբ մարզպետարանի մոտ հավաքված կանայք փորձում էին մոտենալ՝ ներկայացնելու իրենց խնդիրները, ոստիկանները զարմանալիորեն ամեն ինչ արեցին, որպեսզի նրանք չկարողանան շփվել ՀՀ նախագահի հետ: Ավելին, նախագահի հետ շփումներից մեկուսացրեցին նաեւ լրագրողներին: Զարմանալով հանդերձ՝ մնում է միայն արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 27-ի սուպերկեղծարարությունից հետո թերեւս էլ ոչ մի ասելիք չի կարող ունենալ այն մարդկանց, ովքեր իր անմիջական կամակատարները չեն»:

«Ամենայն հավանականությամբ, 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների հիմնական մասնակիցները կլինեն ՀՀԿ-ն (Սերժ Սարգսյանի հետ), «Օրինաց երկիր»-ը, ՀՅԴ-ն (իր ավանդական 6-7 տոկոսով), օլիգարխները (միասին կամ առանձին-առանձին), Սամվել Բաբայանը, ընդդիմությունը», - կանխատեսված է «Չորրորդ իշխանություն»-ում: - «Թող ներեն այսօրվա ընդդիմադիրները՝ իրենց բազմախոստում ֆորմատներով եւ վճռական կարգախոսներով, բայց վերջին շաբաթների իրադարձությունները ցույց տվեցին, որ այսօրվա Հայաստանի քաղաքական պրոցեսների վրա իրենք բացարձակապես չեն ազդում եւ որեւէ իրական լծակի չեն տիրապետում»:

«Քանի որ տասը տարվա ընթացքում գեթ մի ընտրակեղծարար չի պատժվել, կարելի է ասել, որ այդ անպատժելիությունը անփութության կամ իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք չէ: Իշխանությանը պետք են այդ պաշտոնյաները՝ տարբեր մակարդակի ընտրական հանձնաժողովների անդամները, որպեսզի ե՛ւ 2007, ե՛ւ 2008 թվականներին նրանք նույն բաներն անեն: Իշխանությանը պետք է նաեւ, որ այդ մարդիկ չվախենան հանցագործություն կատարելուց եւ վստահ լինեն իրենց անպատժելիության մեջ: Եթե լինի ընտրակեղծարարին պատժելու գոնե մեկ նախադեպ, ամբողջ այդ համակարգը լուրջ ճաքեր կտա», - գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը:

«Այբ-Ֆե» շաբաթաթերթը «Գոդոյին սպասելիս» վերնագրի տակ գրում է. - «Լրացավ ընդդիմության կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը: Եվ ի՞նչ. մեկ անգամ եւս ինքնապահպանման բթացած բնազդով, խորը թաքցրած արժանապատվությամբ սրբեցինք մեր երեսները՝ ասելով. «անձրեւ է գալիս»: Եվ ժողովուրդը, կարելի է ասել. անցավ Նոր Տարվա նախապատրաստություններին... Մի բան պարզ է՝ ժողովրդի առանց այն էլ ցածր ակտիվությունը համարյա հանգեց: Մնում է սպասել օդանավակայանում խուզարկության ենթարկված Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին Վիեննայից»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով ռուսաստանյան պատվիրակության երեկվա այցին եւ խորհրդարանում տված համերգին, գրում է. - «Ուշագրավն այն է, թե ինչպես այդ համերգին արձագանքեցին մեր պատգամավորները: «Մի կողմից ասում են՝ գազը թանկացնում ենք, մյուս կողմից՝ գալիս բալագան են սարքում»,- ասում էր կոալիցիայի «բարձրաստիճան» պատգամավորներից մեկը: «Փոխանակ գան ասեն, թե գազը չի թանկանա, համերգ են տալիս...»,- նյարդայնացած ասում էր Արշակ Սադոյանը: «Իրենց մոտ մեզ ասում են «Լիցո կավկազսկոյ նացիանալնոստի», փողոցում բռնում տանում են, հիմա եկել ասում են՝ մենք ռազմավարական գործընկերներ ենք»,- պնդում էր գործարար-պատգամավորներից մեկը: Եվ նմանատիպ կարծիքներ երեկ ԱԺ-ում հնչում էին համատարած: Մի խոսքով, եթե ոչ վաղ անցյալում Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը ընդունվում էր որպես կասկածի տակ չդրվող փաստ, ապա հիմա ակնհայտ է բոլորովին հակառակ պատկերը»:

Եվ վերջապես հայաստանյան թերթերից շատերը այսօր տպագրել են Զորի Բալայանի ծավալուն հոդվածը ծխելու վնասների մասին: Հրապարակախոսը փաստում է. - «Ծխելու հետեւանքով Հայաստանում ամեն տարի մահանում է 35-69 տարեկան ավելի քան երկու հազար տղամարդ... Յուրաքանչյուր ծխող իր կյանքից կորցնում է 17 տարի... Ծխող տղամարդկանց թվով Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG