Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «ԱԼՖԱ-գրուպ»-ը դարձել է «ԹյուրքՍել»-ի բաժնետեր


«Ռուսական կապիտալի ամենամեծ ներդրումը արտասահմանում»՝ այսպես են բնութագրում ռուսաստանյան «ԱԼՖԱ-գրուպ» ընկերության որոշումը գնել բջջային կապի թուրքական խոշորագույն օպերատորի՝ «ԹյուրքՍել»-ի բաժնետոմսերի 13 տոկոսը:

Գործարքի մեխանիզմը բավական բարդ է, ընդհանուր ծավալը 3 միլիարդ 200 միլիոն դոլար է: «ԱԼՖԱ-գրուպ»-ը վարկ է տրամադրում «ԹյուրքՍել»-ի բաժնետոմսերի ավելի քան 25 տոկոսի սեփականատեր «Չուկուրովա» ընկերությանը:

Փորձագետները, սակայն, գրեթե համոզված են, որ ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող «Չուկուրովա» ընկերությունը մի քանի տարի հետո չի կարողանալու վերադարձնել վարկը եւ ստիպված կլինի ռուս գործարարներին ունեցած պարտքը փակել ակտիվներով, այդ թվում՝ «ԹյուրքՍել»-ի բաժնետոմսերով: Այս պահին արդեն «ԱԼՖԱ-գրուպ»-ը վերահսկում է «ԹյուրքՍել»-ի բաժնետոմսերի 13 տոկոսը:

Գործարքը կնքվել է նոյեմբերի 25-ին, սակայն Ստամբուլի ֆոնդային բորսան բաժնետոմսերի վաճառքի մասին տեղեկությունը հրապարակել է մոտ մեկ շաբաթ ուշացումով:

Ռուսական կապիտալի մուտքը Թուրքիայի հեռահաղորդակցության շուկա որքան ծավալուն էր, նույնքան էլ՝ անսպասելի: Մինչեւ վերջին օրերը միայն լուրեր էին պտտվում գործարքի շուրջ ծավալված կրքերի մասին: Ռուսաստանյան ընկերության այս քայլը, ակնհայտորեն, նախապես հավանության էր արժանացել Մոսկվայում եւ Անկարայում: Պատահական չէ, որ գործարքը կնքելուց մի քանի օր անց «ԱԼՖԱ-գրուպ»-ի նախագահ, Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Պյոտր Ավենը՝ գալով Կրեմլ, հատուկ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին: Վերջինս էլ ակնարկեց, թե «գործարքը քննարկվել ու հավանության է արժանացել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ իր վերջին հանդիպման ժամանակ»:

Այս պարագայում միակ պարտված կողմը «ԹյուրքՍել»-ի բաժնետոմսերի 47 տոկոսի սեփականատեր «Տելիա Սոներա» ընկերությունն է, որը նախնական պայմանավորվածություն ուներ բաժնետոմսերի նոր փաթեթ գնելու մասին: Սկանդինավյան ընկերության հույսերը՝ դառնալ «ԹյուրքՍել»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր, չարդարացան, եւ ընկերության մենեջերները այժմ քննակում են՝ արժե՞ դիմել դատական մարմիններին, թե՞ երկկողմ ռուս-թուրքական հարաբերությունների խորհրդանիշը դարձած գործարքի դեմ բողոքելը, այն էլ թուրքական դատարանում, անիմաստ է:

«ԹյուրքՍել»-ի տարեկան շրջանառությունը կազմում է մի քանի միլիարդ դոլար, բաժանորդների ընդհանուր թիվը 24 միլիոն է


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG