Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը հանդիպումներ է ունեցել Մեքքայում


Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում ընթացող Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) գագաթնաժողովին մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպումներ է ունեցել մի շարք մահմեդական պետությունների ղեկավարների հետ:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին Իլհամ Ալիեւը հրավիրել է Նախիջեւան՝ մասնակցելու այդ ինքնավար հանրապետություն իրանական գազի մատակարարման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը վերահաստատել է դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում. - «Արդարացի լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության շրջանակներում»:

Իլհամ Ալիեւը հանդիպել է նաեւ ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի (Թուրքիա) հետ, ով զրույցի ընթացքում շեշտել է Ադրբեջանում իրականացվող տնտեսական եւ քաղաքական ծրագրերին կազմակերպության ավելի մեծ ներգրավման անհրաժեշտությունը:

Գագաթնաժողովը քննարկել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հիմնախնդիրները, իսլամի դերը ժամանակակից աշխարհում, իսլամական երկրների տնտեսական զարգացման հարցեր: Մեքքայում ավելի քան 50 մահմեդական երկրների ներկայացուցիչներ կոչ են արել ուժեղացնել պայքարը ահաբեկչության դեմ եւ ելույթ են ունեցել ժամանակակից աշխարհի իրողություններին իսլամի հարմարեցման օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG