Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 3-ը դեկտեմբերի)


«Երեկ ավարտվեց 72-ժամյա վերջնագիրը, որ ընդդիմադիր «18 + 8» ֆորմատը ներկայացրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին», - արձանագրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ շարադրելով. - «Ավելի ուշ, երբ պարզվեց, որ ԿԸՀ-ն իրավասու չէ ինչ-որ ձեւով արձագանքել այդ վերջնագրին, ընդդիմությունը որոշեց վերահասցեագրել այն իշխանություններին: Վերջիններս, չժխտելով, որ հանրաքվեի ընթացքում տեղի են ունեցել առանձին խախտումներ, այնուամենայիվ, արմատականների վերջնագրին չարձագանքեց, եւ հանրաքվեի արդյունքները անվավեր չհամարվեցին... Առանձնապես ոչ մեկը չէր էլ սպասում, որ վերջնագրին այլ արձագանք կլինի: Չէին սպասում եւ իրենք՝ արմատականները», - եզրափակված է թերթում:

«Հայոց աշխարհ»-ի հայացքով, ուլտիմատումից հետո Մատենադարանի տարածքում հավաքված բոյկոտող շարքային «զինվորների» թիվը էլ ավելի էր քչացել՝ համեմատած նախորդ միտինգին, հեղափոխական «գեներալների» լսարանը նկատելիորեն թեթեւացել էր: Թերթի արձանագրմամբ՝ հետհանրաքվեական կրքերը մեզանում աստիճանաբար հանդարտվում են. - «Ակնհայտ է, որ արմատական ընդդիմությունը կրեց հերթական ջախջախիչ պարտությունը»:

Նշելով, որ երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքն ավարտվեց նրանով, որ ընդդիմությունը ժողովրդին կոչ արեց հավաքվել հաջորդ ուրբաթ՝ «Հայկական ժամանակ»-ը կանխատեսում է. - «Կհավաքվի էլի այնքան ժողովուրդ, ինչքան նախորդ հանրահավաքներին, որովհետեւ պարզապես այսօր այդքան մարդ է պատրաստ կանգնելու մինչեւ վերջ... Եվ եկող ուրբաթ օրը էլի այդքան մարդ չի հերիքի իշխանափոխություն անելու համար: Ու այսպես մինչեւ հաջորդ, հաջորդ ու էլի հաջորդ ուրբաթներ: Իսկ առջեւում նոր տարին է: Դրանից հետո արդեն սկսվելու են 2007-ի հերթական խորհրդարանական ընտրությունների բազարները»:

«Երեկվա հանրահավաքում ընդդիմադիր առաջնորդների հնչեցրած կոչերը՝ չհուսահատվել, չվհատվել, չշտապել», - «Հայաստանի Հանրապետություն»-ը մատուցում է որպես հուսահատության վկայություն: Մեջբերելով Վազգեն Մանուկյանի խոսքերը, թե «չկա 2007, չկա 2008 թիվ, այստեղից պիտի բռնենք ու էս հարցի վրա պիտի խեղդենք»՝ թերթը մեկնաբանում է. - «Այս խոսքերը հուսահատի, «վա բանկ» գնացողի խոսքեր էին, վկայություն այն բանի, որ հանրաքվեի առիթը ընդդիմության վերջին հույսն է, վերջին «փրփուրը», որը եթե չօգնի, ապա 2007-ից եւ 2008-ից պետք է ընդմիշտ ձեռք քաշել»:

«Ամեն անգամ ժողովուրդը հավաքվում է Մատենադարանի դիմաց, որպեսզի լսի, թե ինչ քայլերով պետք է դուրս գալ այս վիճակից, եւ ամեն անգամ դրա փոխարեն լսում է, թե ինչ վատն է այս վիճակը», - փաստում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Դեռ լավ է, որ երեկվա հանրահավաքում ընդդիմությունը ինչ-որ քայլեր կատարելու վճռականություն հայտնեց: Ստեղծվում է քաղաքացիական շարժում, որը կունենա հստակ կառուցվածք, կստեղծվեն տարածքային կառույցներ, եւ տարերային պայքարը կազմակերպված բնույթ կստանա»: Նույն թերթում ընդգծված է. - «Այս կառուցվածքն այն առավելությունն ունի, որ որոշումներ ընդունելու մեխանիզմներ է ստեղծում, եւ այլեւս չի լինելու այնպիսի իրավիճակ, որ ընդդիմության ներսում ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով կոնկրետ գործողություններ տեղի չունենան»:


«Ամեն ինչ բարդել ուղղակի ընդդիմության վրա՝ չի կարելի: Պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանն այսօր գտնվում է մի ռեժիմի ձեռքում եւ բոլորն իրար հետ պետք է կարողանան այդ խունտայից ազատվել: Այս խնդիրները հասարակությունն ինքը պետք է գիտակցի ու, եթե քայլեր չանի, որեւէ ընդդիմություն միայնակ որեւէ խնդիր չի կարող լուծել՝ անկախ նրանից ընդդիմությունն ուժե՞ղ է, թե՞ թույլ», - «168 ժամ»-ում ասում է ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը, որի գնահատմամբ՝ իշխանությունները ցինիկաբար կեղծեցին հանրաքվեի արդյունքները. - «Այդպիսի բոյկոտ ես հիշում եմ միայն խորհրդային ժամանակներում», - համեմատում է Անդրանիկ Հովակիմյանը, - «երբ շարժման առաջին տարիներին խորհրդային բանակը մտավ Երեւան, մենք մեկ օր հայտարարեցինք «մեռյալ քաղաք», ու նոյեմբերի 27-ը հենց նման էր այդ օրվան»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գոյության 14 տարիներին առաջին անգամ «Հեռուսատամարաթոն -2005» դրամահավաքին Հայաստանից, Ամերիկայից ու Եվրոպայից ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերել են ոչ թե մեծահարուստները, այլ հասարակ շարքային մարդիկ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի երեկվա ասուլիսի գլխավոր լեյտմոտիվն այս իրողությունն էր», - ի մի է բերում «Ազգ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG