Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նոյեմբերի 27-ից հետո կոալիցիայի կուսակցությունների, ինչպես նաեւ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի մոտ նկատվում են դիպլոպիայի երեւույթներ», - գրում է այսօր «Հայկական ժամանակ»-ը: - «Դիպլոպիան ակնաբուժության մեջ հայտնի հիվանդություն է, երբ մարդու աչքին մեկը բազմապատիկ է երեւում: Իսկ հիվանդության բացիլը ընկել է նոյեմբերի 27-ին, երբ մասնավորապես Լեւոն Մկրտչյանի, Գալուստ Սահակյանի, Արմեն Ռուստամյանի, Մհեր Շահգելդյանի եւ Գառնիկ Իսագուլյանի աչքին ընտրատեղամասերում ոչ միայն մարդ է երեւացել, այլեւ նրանք ականատես են եղել հերթերի»:

«Ի՞նչ է անում ընդդիմությունը, ի՞նչ պետք է աներ եւ ի՞նչ արեց», - հարցեր է բարձրացնում «Այբ-Ֆե»-ն՝ փորձելով պատասխանել. - «Քաղաքականության արդյունավետ իրագործման համար այբբենական ճշմարտություններ են՝ ժողովրդին ներկայացնել մեծ ներուժ ունեցող եւ զգացմունքային արձագանք առաջացնող գաղափարներ ու հասկանալի, հստակ նպատակներ, ունենալ բավարար ֆինանսական ու մարդկային եւ կազմակերպական ռեսուրսներ եւ ամենակարեւորը՝ ժողովրդին դարձնել գործընկեր՝ համահունչ լինելով նրա իղձերին: Կա՞ այս ամենը ընդդիմության մոտ՝ ակնհայտորեն ոչ: Դրա փոխարեն, ցավոք սրտի, հանդիպում ես եսակենտրոնության եւ ինքնահավանության, մտքի աղքատության եւ անհամաձայնեցված, իրարամերժ դիրքորոշումների»:

Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - «Ընդհանրապես՝ երկու ճանապարհ կա որեւէ հարց լուծելու. զուտ հանրահավաքային, երբ հայտարարություններ են արվում հանրահավաքներում ու դրանով ամեն ինչ ավարտվում է, մարում կամ վերաճում հեղափոխության: Բայց կա նաեւ մյուս՝ ավելի քաղաքակիրթ ու, իմ կարծիքով, ավելի ճիշտ ճանապարհը. եթե կան օրենքի խախտումներ, որոնցից ապահովագրված չէ որեւէ երկիր, կուսակցություն կամ քաղաքացի, ապա այդ ամենը պետք է արձանագրել, ունենալ փաստաթղթեր եւ գնալ դատարան»:

Նույն թերթի հարցազրույցում Ալբերտ Բազեյանը պնդում է. - «Իրականությունն այն է, որ հասարակությանը, ժողովրդին զրկել են իր կամքը արտահայտելու հնարավորությունից եւ հիմա գլուխ են գովում, թե մի դարպասանի գոլ են խփել: Բայց ի՞նչ գոլի մասին է խոսքը, երբ ամբողջ հասարակության համար պարզից էլ պարզ է, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը չի գնացել ընտրատեղամաս: Դա փաստ է: Եթե հիմա ընդդիմությանը հաջողվի կազմակերպել ստորագրահավաք-հարցում՝ մասնակցե՞լ եք դուք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, համոզված եմ, որ 80 տոկոսը կստորագրի, որ չի մասնակցել: Ուղղակի ցավում եմ, որ այս իրավիճակի առջեւ ենք կանգնած: Եվ այստեղ կա նաեւ ընդդիմության պատասխանատվության լուրջ բաժինը»:

«Շաբաթվա զարմանքը» խորագրի տակ «Իրավունք»-ը գրում է. - «Ամենազարմանալին քրիստոնյա դեմոկրատների ղեկավար Խոսրով Հարությունյանի կեցվածքն է: Բոլոր իշխանությունների օրոք հույժ իշխանամետ այս պարոնը ժամանակին հավաստիացրել էր, որ եթե հանրաքվեի արդյունքները կեղծվեն, ապա նա լինելու է հեղափոխականների շարքերում: Զարմանալով հանդերձ՝ մնում է արձանագրել, որ ո’չ նոյեմբերի 27-ին, ո’չ էլ հաջորդ օրերին չի գտնվել մեկը, ով Խոսրով Հարությունյանին տեսած լինի հանրահավաքային ոչ միայն հարթակում, այլեւ հանրահավաքի վայրից մեկ կիլոմետր շառավղով տարածքում: Իսկ թե ինչպես է կոչվում իր խոստումը չկատարած մարդը, կարելի է հարցնել հենց Ռոբերտ Քոչարյանին»:

«Հայրենի գունավորներն ավելի լավ է հնարավորինս շուտ մոռանան բոլոր այդ հիմարություններն ու սկսեն կամացկամաց պատրաստվել Ամանորին։ Չէ՞ որ արդեն դեկտեմբերն է։ Հավատացեք, խոզի բուդը ավելի լավ է, քան հեղափոխությունը», - խորհուրդ է տալիս «Հայոց աշխարհ»-ը։

«Իրավունք»-ն այսօր տպագրել է Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը.

Ասացե’ք, ինչպե՞ս ապրենք այլեւ,
Այստե’ղ, այս հողո’ւմ, այս Հայաստանում,
Որտեղ ամո’թ է արդեն ապրելը:
Ամոթ է շնչել այն օդը, որին
Կեղծիքն ու սուտն են թանձր շաղախվել...

Բանաստեղծուհին բացատրում է. - «Ես այս բանաստեղծությունը գրել եմ վաղուց՝ 1995 թվականի հունիսին, այդօրյա Ազգային ժողովի ընտրությունների առիթով, սակայն չէի հրապարակում՝ համարելով այն շատ դառը, հոռետեսական ու հուսահատեցնող... Ներկա նախագահն ու իր մանր ու մեծ իշխանավորները տվեցին-անցան 95-ականներին, եւ այլեւս որեւէ բան խնայելու, ինչ-որ ձեւով հուսավորվելու տեղ չմնաց: Ուստի ես որոշեցի հրապարակել այս բանաստեղծությունը, որը, ցավոք սրտի, ոչ միայն չի կորցրել իր թարմությունը, այլեւ այսօր ավելի է այժմեական: Դաժանորեն այժմեական...»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG