Մատչելիության հղումներ

Դատախազությունը ուսումնասիրում է ընտրախախտումների մասին մամուլի հրապարակումները


Նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեի հաջորդ օրվանից արդեն մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը հայտնեցին, որ ստեղծվել է հատուկ հանձնախումբ՝ մամուլում հրապարակված բոլոր ընտրախախտումները (մոտ 40 տպագիր էջ) ուսումնասիրելու համար:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հիշեցրեց, որ մամուլի հաղորդումները «պարտադիր հիմք են քրեական հետապնդում հարուցելու համար»:

«Պետությունը պարտավոր է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սրանք հետազոտելու եւ սրանց համապատասխան ընթաց տալու», - ասաց Զեյնալյանը:

Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին նաեւ, որ մամուլի հրապարակումներում կան ահազանգեր, որտեղ գրանցված տեղեկությունները իրավախախտումներ չեն, որոշ դեպքերում կոնկրետ փաստեր չեն մատնանշված: Այդուամենայնիվ, որոշ դեպքերում նշված են կոնկրետ փաստեր, ինչը քննելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տրվել են:

Ուսումնասիրությունները, ամենայն հավանականությամբ, հավարտվեն երկօրյա ժամկետում եւ հաջորդ շաբաթվա սկզբին արդեն արդյունքների մասին կտրվեն տեղեկություններ:

Մամուլում հայտարարություններ են եղել նաեւ հանձնաժողովի անդամների ստորագրությունները կեղծելու վերաբերյալ, ինչը նույնպես կարող է հիմք դառնալ, որպեսզի դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջի արձանագրությունները, անհրաժեշտ փորձաքնննություն կատարի: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որեւէ փաստաթուղթ դեռեւս չի պահանջվել:

Այսօրվա հանդիպման ժամանակ, մինչդեռ, ինչպես Արտակ Զեյնալյանը, այնպես էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարություն» դաշինքը ներկայացնող Ֆելիքս Խաչատրյանը հայտարարեցին, որ բազմաթիվ նման խախտումներ են եղել:

Կոալիցիոն կուսակցությունները հանրաքվեից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր. - «Անընդունելի համարելով պետական կարեւորություն ունեցող նման միջոցառումը ստվերող յուրաքանչյուր դրսեւորում, մենք համոզված ենք, որ մատնանշված կեղծիքների եւ չարաշահումների վերաբերյալ պետք է կատարվի անհրաժեշտ քննություն, արվեն համապատասխան հետեւություններ եւ պատժվեն մեղավորները»:


Կարինե Քալանթարյան


(Լուսանկարում՝ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG