Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդլայնում է «Հայպետատոմհսկողություն» տեսչության ֆունկցիաները


Հայաստանի կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ընդլայնեցին բնապահպանության նախարարության կազմում գործող «Հայպետատոմհսկողություն» տեսչության ֆունկցիաները:

Մասնավորապես, «Հայպետատոմհսկողության»-ն են վերապահվել ճառագայթային անվտանգության մոնիտորինգի եւ վերահսկման իրավասությունը, փոխվել է կարգավորող մարմնի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության գնահատման, լրացուցիչ քննություն իրականացնելու կարգը: «Հայպետատոմհսկողություն» են վերապահվել նաեւ միջազգային միջգերատեսչական պայմանագրեր կնքելու իրավասությունները:

Գործող կարգերը, կարճ ասած, համապատասխանեցվել են «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի պահանջներին։

Ավելի քան 30 տարեկան Մեծամորի ԱԷԿի անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է։ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում շեշտել է, որ դա կարեւոր է ոչ միայն միջազգային օրենքների պահանջների պահպանման տեսակետից. - «Անվտանգությունը համար մեկ պայմանն է, որովհետեւ նամանավանդ մեր կարգի երկրի համար, որը շատ փոքր երկիր է՝ փոքր տարածքով, անվտանգությամ մասին չմտածելը... ուղղակի ընդունելի չի լինի»:

Սակայն առավել կարեւոր է ԱԷԿ-ի հետագա ճակատագրի եւ այն փոխարինող համարժեք հզորություն ստեղծելու խնդիրը։ Այս տեսանկյունից Հայաստանի կառավարությունը փնտրտուքի մեջ է՝ առավել եւս ռուսասկան գազի մոտալուտ թանկացման ֆոնին, ինչը կտրուկ կթանկացնի արտադրվող հոսանքը։

Այս պայմաններում մեր պաշտոնյաները լրջորեն դիտարկում են ջերմային էներգետիկային այլընտրանք ստեղծելու՝ մասնավորապես նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։

Էներգետիկայի նախարարը ասաց, թե այժմ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։

Վերջերս Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Մովսիսյանը ԱՄՆ էներգետիկայի պատասխանատուներին առաջարկել է համագործակցել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցում, ինչը ամերիկյան կողմը ընդունելի է համարել:

«Արդի պահանջներին բավարարող նոր ատոմակայանի կառուցումը, ամենահամեստ հաշվարկներով, կարժենա 600-800 միլիոն դոլար», - հավելեց նախարարը՝ ժամկետի առումով էլ ասելով, թե նոր ԱԷԿ-ի կառուցումը կարող է տեւել 5-7 տարի:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG