Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ի մատուցմամբ, արմատական առաջնորդների գործողությունները իրենց էությամբ «տիպիկ բռնություն» են, միայն թե հրազենի փոխարեն ծրագրվում է օգտագործել «կրիտիկական մասսան»: «Եթե այդ ամբոխը հավաքվի ու ժամանակին չկասեցվի, ապա անպայման կանցնի բացահայտ բռնության», - կանխորոշում է թերթը:

«Եթե ընդդիմությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է 72 ժամվա ուլտիմատում ներկայացրել, ապա ժողովուրդը նույն 72 ժամը տվել է ընդդիմությանը», - սահմանված է «Հայկական ժամանակ»-ում: - «Եվ եթե ուրբաթ օրը ընդդիմությունը ժողովրդին կրկին ուղարկի տուն, ապա «Միացյալ ընդդիմություն» միացյալ օպերան կարելի է համարել մինչեւ վերջին նոտան երգված»:

«Բողոքական զանգվածներն այդպես էլ «կրիտիկական» չեն դառնում. նրանք վաղուց ձեռք են քաշել ընդդիմությունից, եւ ամեն մեկն իր գլուխն է պահում ոնց կարող է: Բայց ընդդիմությունը, իր ֆիասկոյին չհավատացող մարդու նման, համառորեն չի ուզում «ստորագրել ապահարզանը»: Իսկ դա ավելորդ լարում է առաջացնում թե’ ընդդիմության, թե’ ժողովրդի շարքերում», - ներկայացնում է «Հայաստանի Հանրապետություն»-ը՝ կռահելով հետոն. - «Իհարկե ընդդիմությունը հաշվարկել է, որ հանրաքվեի արդյունքները 72 ժամում անվավեր հայտարարելու որոշում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունի, ինքն էլ այդ առիթն օգտագործելով «զանգվածներ» կհանի փողոց՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը: Բայց նկատենք», - վրա է բերում թերթը, - «նույնիսկ նախորդ տարիների համեմատ շատ ավելի քիչ մարդ կհետեւի ընդդիմությանը»:

Վկայակոչելով վերջին օրերի հանրահավաքները՝ «Հայոց աշխարհ»-ում Գառնիկ Իսագուլյանը հաշվարկում է. - «Ընդդիմություն որպես այդպիսին մեր իրականության մեջ գոյություն չունի: Հայաստանում յուրաքանչյուր մարդ իր ազգակցական կապերով, ընկերական շրջապատով, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարող է իր շուրջը հավաքել առնվազն 500 մարդ: 18 + 1, 18+8, 18+10 եւ օրումեջ մի քանի ֆորմատ փոխող եւ այդ մասին հայտարարող մեր ընդդիմությունը կարողանում է հրապարակ բերել երեք հազարից էլ քիչ մարդ»:

«Միամիտ ժողովուրդ ենք հայերս, դեռ մի բան էլ եվրոպացիների ասուլիսին «մուննաթ» էինք գալիս, թե ինչո՞ւ եք երկակի ստանդարտով աշխատում», - զարմանում է «Ազգ»-ի մեկնաբանը՝ փոխելով հարցադրման ուղղությունը. - «Մեզ վրա «մուննաթ» գանք, մեր ընդդիմության եւ իշխանության, որոնք արժանի են իրար: Մեր լրատվամիջոցներին ուղերձ անենք, որի մի կողմը ողջ ընթացքում զբաղվեց մուլտիպլիկացիայով, մյուսը՝ դիմացինին արժանի հակաքարոզչությամբ: Մեր քաղաքական այրերից նեղանանք, երկու կողմի էլ՝ վերջին օրերի սրբերի կերպարանքի եւ պահվածքի համար, ինչի արդյունքում հասարակությունը, որպես այդպիսին, երկրից բացակայում է, ժողովուրդը, որպես այդպիսին, փակվեց Մհերի քարայրում եւ այլեւս հազիվ թե այնտեղից դուրս նայի շատ երկար ժամանակ»: «Սուպերանտարբեր դարձած այս ժողովրդին հիմա կուզես խորհրդարանական, կուզես նախագահական ընտրությունների տար, կուզես համամոլորակային հանրաքվեի, կուզես ընկույզ կոտրի նրա հավաքական գլխին՝ նույն արդյունքն է լինելու. նա ոչ մեկիդ կոչին այլեւս չի արձագանքելու», - բնորոշում է «Ազգ»-ը:

«Նոյեմբերի 27-ին տեղի ունեցածը նման էր ուղիղ եթերից Հայաստանի բոլոր քաղաքացիների հասցեին հնչած հայհոյանքի, եւ սա նման էր երկիրն ու պետությանը արժանապատվության զգացումից զրկելու ակտի», - խտացված է «Հայկական Ժամանակ»-ում:

«Առավոտ»-ի խմբագրի ոճով էլ՝ «ահա եւ ավարտվեց զարգացման հանրաքվեն, որն ապահովում է մեր երեխաների բարեկեցիկ եւ եվրոպական ապագան»: «Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես արդեն զգում եմ, թե ինչպես է մեր երկիրը մի մեծ քայլ կատարել դեպի Եվրոպա», - հեգնում է խմբագիրը՝ շարունակելով. - «Իսկ դուք զգու՞մ եք, թե ինչպես են նոյեմբերի 27-ից հետո տարանջատվել իշխանության թեւերը... Գլխավոր դատախազն այնքան է տարանջատվելու նախագահից, որ քաղաքական քարոզներով չի զբաղվելու, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նույնպես տարանջատված թեւ դառնալով, անկապ թվեր չի կրակելու եւ ամփոփելու է իրական ընտրությունների իրական արդյունքները: Տարանջատված դատավորներն այլեւս չեն լինելու հետաքննող մարմինների կցորդը, նրանք դատելու են ոչ թե կաշառքով կամ վերեւինների հրահանգով, այլ՝ միմիայն օրենքով»:

Ներկայացնելով Բաքվի եւ Երեւանի հանրահավաքներում ընդդիմադիրների հնչեցրած կոչերը՝ «Հայոց աշխարհ»-ը զուգահեռում է. - «Երկու երկրներում էլ ընդդիմությունը բողոքավոր է. ադրբեջանականը՝ նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների, հայկականը՝ նոյեմբերի 27-ի Սահմանադրության հանրաքվեի արդյունքներից, ուստի համառորեն փնտրվում է ժողովրդի «կրիտիկական զանգվածը», բայց այդպես էլ չի գտնվում... Երկու երկրներում էլ նույն հեղափոխական կարգախոսներն են՝ ամենեւին էլ ոչ հեղափոխական մթնոլորտում»: «Օգտագործվելով որպես հարմար ճնշամիջոցներ՝ նրանք սոսկ կատարում են սեփական իշխանություններին անկյուն մղելու եւ թուլացնելով՝ առաջիկա բանակցային գործընթացում «կառուցողական» դարձնելու «համաշխարհային-պատմական առաքելությունը», - եզրահանգում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ի ընդգծմամբ՝ հանրաքվեին Հայաստանի ժողովրդի բոյկոտն «այն աստիճան ակնհայտ է եղել, որ դրա վրա չէին կարողացել աչք փակել նույնիսկ եվրոպացի դիտորդները, որոնք թերեւս իրականում դեմ չէին լինի աչք փակելուն»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG