Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանում վատ ավանդույթ է դարձել օգտագործել վարչական ռեսուրսը»


Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Lարիսա Ալավերդյանը չի մասնակցել: Նոյեմբերի 27-ին նա արդեն Չեխիայի մայրաքաղաքում էր, ուր մասնակցում է Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների օմբուդսմենների հավաքին:

Այդուհանդերձ, հետեւելով հանրաքվեի ընթացքին՝ տիկին Ալավերդյանը յուրատեսակ խորհրդով է դիմում նախեւառաջ քվեարկությանը ներկա գտնված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

«Առնվազն այն խմբերը ակտիվ, որ մասնակցել են մոնիտորինգին, կամ իրենց ձեռքին փաստեր ունեն, նրանք պետք է դիմեն` օրենքով նախատեսված ձեւով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, այստեղ տիկին Ալավերդյանը առավելապես գերադասում է խոսել ոչ թե նոյեմբերի 27-ի հանրաքվեի, այլ ընտրական գործընթացը կազմակերպելու՝ վերջին տարիների հայաստանյան յուրահատկությունների մասին:

«Հարցն այն է, որ մեզ մոտ դարձել է վատ ավանդություն` օգտագործել եւ շատ անգամ շատ կոպիտ ձեւերով կիրառել այսպես կոչված վարչական պոտենցիալը, ինչը շատ վատ հետեւանքներ է ունենում», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը տիկին Ալավերդյանի հետ զրուցում էր նույն այն պահին, երբ ընդդիմությունը Երեւանում հանրահավաք էր անցկացնում: Նաեւ արդեն հայտնի էր, որ Երեւանի քաղաքապետարանը հետ է կանչել «Հանրապետություն» կուսակցությանը տված` այսօր Մատենադարանի մոտ ցույց անցկացնելու թույլտվությունը:

«Արտոնված-չարտոնցվածը դա այնքան հնաոճ, հնամաշ արտահայտություն է, որ մենք դատապարտել ենք դեռ անցած տարի, եւ դա տեղ է գտել մեր տարեկան զեկույցում», - ասաց Ալավերդյանը՝ շարունակելով. - «Երբ թույլտվություն տեղի եւ ժամանակի առումով չի տրված համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` երկու բան պետք է ակնկալել: Առաջինը` հիմնավորումը. այն պետք է լինի հստակ, համոզիչ եւ բացահայտ: Եվ երկրորդը` անգամ կանխարգելիչ միջոցառումները պետք է լինեն համարժեք գործողություններին: Եթե մեկը, ասենք, կարգ է խախտում, նրան վնասզերծում են շատ պարզ միջոցներով. դրանից հետո նրան ծեծելը համարժեք չէ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG