Մատչելիության հղումներ

Երեւանում ուսանելը «թանկ հաճույք» է


Տաթեւիկը, օրինակ, Արմավիր քաղաքից է, մայր բուհ ընդունվելուց հետո առաջին մի քանի տարիներին Արմավիր - Երեւան - Արմավիր երթուղին նրա առօրյայի անբաժան մասն էր: Մոտ մեկ տարի է Տաթեւիկը օրական տնտեսում է 1,5 ժամ, քանի որ արդեն Երեւանում է ապրում: «Սարսափելի մի բան էր ամեն առավոտ 6:30 արթնանալը, ավտոբուսում ոտքի վրա երթեւեկելը ու հետո էլ դասախոսին ուշացման պատճառները բացատրելը», - ասում է նա: - «Հետո քույրս էլ Երեւանում աշխատանքի ընդունվեց ու որոշեցինք վարձով ապրել»:

Վարձած առաջին բնակարանի պայմանները նրանց դուր չեն եկել, հիմա գտել են համեմատաբար ավելի լավը՝ Նորքի 2-րդ զանգվածում, ամսական 80 ԱՄՆ դոլար են վճարում, պայմաննեից դժգոհ չեն, շուտով նաեւ տաք ջուր են ունենալու:

Իսկ Մելինեն, որ ծնունդով Կապանից է եւ Երեւանում ազգականներ ունի, այնուամենայնիվ, նախընտրել է վարձով բնակվելը: Ասում է, որ մայրաքաղաքում ուսանողի գրպանին հարմար բնակարան պետք է խոշորացույցով փնտրել, «քանի որ հիմնականում վարձով բնակարաններ են առաջարկում օտարերկրացիներին՝ ամսական 500 եւ ավելի դոլարով»: Կենտրոնում հարմարավետ բնակարան գտնելու հարցում Մելինեին օգնել են ծանոթները:

Փաստորեն, եթե բնակվում ես մարզում ու որոշել ես սովորել մայրաքաղաքի ուսումնական հաստատություններից որեւէ մեկում, պետք է պատրաստ լինես տարեկան մոտ 600 ԱՄՆ դոլար վճարել միայն տուն վարձելու համար: Եվ այդ դեպքում անգամ կունենաս ընդամենը 4 պատ՝ քիչ թե շատ կահավորված, տաք ջուրն ու կոմունալ այլ պայմանները հավելյալ գումար կպահանջեն:

Թվում է այլընտրանք կա՝ հանրակացարանի տեսքով: Զեյթունում գտնվող ուսանողական հանրակացարանի գանձապահ Անահիտ Թավաքալյանի խոսքերով, իրենց մոտ բնակվող ուսանողները շատ են: Նա խուսափեց կոնկրետ թիվ նշել, ասաց միայն, որ պետպատվերով սովորողները 1 ամսվա համար վճարում են 18 հազար, իսկ վճարովի համակարգում սովորողները՝ 28 հազար դրամ: Զարմացավ, երբ հարցրեցի տաք ջրի առկայության մասին՝ հանրակացարանում նվազագույն կոմունալ պայմաններ են, այն էլ՝ ընդհանուր բոլորի համար:

Միգուցե հենց սա է պատճառը, որ շատերը խուսափում են հանրակացարանում բնակվել, մանավանդ այն դեպքում, երբ նույն գնով ու պայմաններով կարելի է առանձին բնակարան վարձել:

«Հիմա հանրակացարան ասելով վատ բան ես պակերացնում», - ասում է Տաթեւիկը: Մելինեն էլ պնդում է, որ երբեւէ չի էլ մտածել հանրակացարան գնալ, քանի որ ծանոթներից լսել է պայմանների մասին: Նախընտրում է թեկուզեւ մի քիչ ավելի շատ վճարել, բայց առանձին բնակվել:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG