Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր գրում է. - «Երեկ փողոցում տեսածս մարդիկ տխուր ժպիտով ինձ հարցնում էին՝ «Հը, էլի իրենց ուզածը սարքեցի՞ն»: Եվ հետո նեղսրտած ավելացնում՝ «Վերջ, էլ ոչ գնալու եմ, ոչ էլ հետաքրքրվելու»: Սա իշխանությունների հայտարարած հանրաքվեի 93 ֊տոկոսանոց բրեժնեւյան արդյունքների ռեակցիան էր»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը համեմատում է. - «Ինչպես ֆուտբոլում պարտվող թիմը այնուամենայնիվ կենտրոնացնում է ուժերը՝ խփելու հեղինակության գոլը, այնպես էլ ընդդիմությունը կարող է կենտրոնացնել եւ կազմակերպել հեղինակության հանրահավաք, սակայն պարտությունն արդեն իսկ գրանցված է»:

«Չորրորդ իշխանություն»-ը կարծիք է հայտնում. - «Հանրաքվեի հիմնական արդյունքն այն է, որ Քոչարյանը մարտահրավեր նետեց ժողովրդին: Այսինքն բացահայտորեն հայտարարեց, թե կողմ է բաց ընտրություններին, կարգադրեց «կազմակերպված ընտրություններ» անցկացնել, գործի դրեց բոլոր միջոցները՝ ուժային մեթոդներ, սպառնալիքներ, շանտաժ, լցոնումներ»:

«Հայկական ժամանակ»-ը այսօր փաստում է. - «Քոչարյանի իշխանությունը այլեւս չի ընդունում գործող Սահմանադրությունը, իսկ ընդդիմությունը չի ընդունում կոալիցիոն Սահմանադրությունը: Ու հիմա, ըստ էության, ընդդիմության ու իշխանության միջեւ ընթացող քաղաքական պայքարը սահմանադրական լինել չի կարող»:

«Հայոց աշխարհ»-ի խմբագիրը գրում է. - «Լսում ես հայրենի քաղաքական գործիչների հայտարարություններն ու մեկնաբանությունները եւ չես կարողանում ձերբազատվել այն զգացողությունից, որ ապրում ենք ոչ թե բարեբեր հայոց աշխարհում, այլ փոքրիկ հոգեբուժարանում, ուր հասարակությունը բաժանված է հիվանդների, բժիշկների ու սանիտարների, սակայն բոլորի գիտակցությունն էլ հավասարաչափ մթագնած է»:

«Ազգ»-ը, հիշեցնելով, որ այսօր Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ստեղծման 85֊ամյակն է, զետեղել է Սիլվա Կապուտիկյանի հոդվածը: Բանաստեղծուհին փաստում է. - «Միեւնույն է այդ հանրապետությունը մտել է հայոց պատմության ժամանակագրության մեջ եւ իր ձախավեր վրիպումներով, սեւահամբավ 37 թվականով, իր քաղաքական ու բարոյական բռնություններով հանդերձ մտել է որպես հայ ժողովրդի մարմնավոր ու հոգեւոր վերածննդի շրջանը, որը սնեց ու թեւավորեց 1988 թվականի ազատատենչ ոգին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG