Մատչելիության հղումներ

Արտասահմանյան մամուլը Հայաստանում տեղի ունեցած հանրաքվեի մասին


«Ծիրանագույն հեղափուխություն չի լինի» վերնագրի ներքո ռուսաստանյան «Նեզավիսիմայի գազետա»-ն գրում է. - «Հանրաքվեի բոյկոտի գաղափարը տապալվել է, քվեարկությունն անցել է առանց էքսցեսների: Երեկ կեսօրի դրությամբ մասնակցությունն ակտիվ չէր»:

«Նովիե իզվեստիա»-ն վկայակոչում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին, որն ասել է, թե «հանրաքվեի ձախողումը հետընթաց կլիներ Հայաստանի համար»: Նույն թերթում կա նաեւ այսպիսի հաղորդագրություն. - «Դեռ հանրաքվեի նախօրեին պատգամավորներից ոմանք ասել են, որ հանրաքվեն կարող է ընդդիմության համար դառնալ Պոմպեյի վերջին օրը»:

«Հայկական խորհրդարանական հանրապետություն» հոդվածում «Գազետա»-ն գրում է, թե ԱՊՀ եւս մեկ երկիր խորհրդարանական համակարգ է ընդունում: Փոփոխությունները, ըստ թերթի, նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընձեռում են նախագահության երկրորդ ժամկետից հետո քաղաքական ասպարեզում մնալու հնարավորություն: «Գազետա»-ն նշում է, որ, ըստ ընդդիմության, փոփոխություններն ընդարձակում են նախագահի լիազորությունները, տալիս են անձեռնմխելիության իրավունք. - «Ընդդիմությունը պնդում է, թե փոփոխված Սահմանադրությամբ հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորվել՝ հաշվի չառնելով քաղաքացիների տեսակետը»:

Թբիլիսիում լույսո տեսնող «0ձդաօրխի Սաաթի» («24 ժամ») թերթը հաղորդում է, թե Հայաստանի սահմանադրական փոփոխությունների փաթեթում կան մի շարք առաջադիմական դրույթներ, որոնք արժանացել են եվրոպական կառույցների հավանությանը, սակայն կան նաեւ վիճահարույց հոդվածներ: Թերթը նշում է, թե ընդդիմությունը պնդում է, որ հանրաքվեն խախտումներով է անցել:

«Հայաստանյան ընդդիմությունը ձեռքից բաց է թողել սահմանադրական իրավիճակը» վերնագրի ներքո «Կոմերսանտ»-ը գրում է. - «Դեռ գարնանը թվում էր, որ նախաձեռնությունն ամբողջությամբ ընդդիմությանն է, որն անդադար քննադատել է իշխանություններին վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար, սակայն կացությունը փոխվել է, երբ իշխանությունները Եվրոպայի խորհրդի հետ համաձայնության են եկել բարեփոխումների հարցում»: Ըստ թերթի, ընդդիմությունը զբաղված էր «ոչ այնքան բուն փոփոխությունների նախագիծը քննադատելով, որքան պնդելով, թե ապօրինի իշխանությունները բարեփոխումներ իրականացնելու բարոյական իրավունք չունեն»:

Թուրքիայում լույս տեսնող «Հյուրիեթ»-ը գրում է, թե «Հայաստանի ընդդիմությունը մերժում է փոփոխությունները՝ պնդելով, թե Քոչարյանը ցանկանում է բարեփոխված Սահմանադրության միջոցով պահպանել իշխանությունը 2008 թվականից հետո»: Թուրքական թերթը նաեւ նշում է, որ ընդդիմությունը դեմ է փոփոխություններին, քանզի դրանք «խորհրդարանին ընձեռում են Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմանները փոխելու հնարավորություն»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG