Մատչելիության հղումներ

Եվրոպացի դիտորդները «ուռճացված» են համարում հանրաքվեի մասնակիցների թիվը


Եվրոպացի դիտորդներն այսօր փաստորեն արձանագրեցին, որ հանրաքվեի մասնակիցների վերաբերյալ պաշտոնական թվերը չեն համապատասխանում իրականությանը, այսինքն՝ ուռճացված են:

«Ծայրահեղ ցածր մասնակցությունը քվեարկությանը չի համապատասխանել ընտրական հանձնաժողովների կողմից հրապարակված բարձր ցուցանիշներին», - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի տեղական դիտորդական ու տարածքային իշխանությունների Կոնգերսի՝ ընդհանուր առմամբ 14 հոգուց բաղկացած պատվիրակությունների համատեղ հայտարարությունից հատված հրապարակեց դիտորդներից Շոն Օ’Բրայենը: - «Եղել են նաեւ ընտրացուցակներում կեղծված ստորագրությունների եւ քվեատուփերի լցոնման շատ դեպքեր: Բազմաթիվ իրավիճակներում չի պահպանվել քվեարկության գաղտնիությունը: Զինվորականների քվեարկության մեջ ազատ կամքի բացակայության արտահայտություն է եղել»:

«Պատվիրակությունը գտնում է, որ հանրաքվեի ընթացքում տեղ գտած չարաշահումները դեմ էին հայ ժողովրդի նպատակներին եւ շահերին: Պատվիրակությունը ակնկալում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանրակրկիտ կերպով կհետաքննի բողոքները, եւ միջոցներ կձեռնարկվեն կեղծիքների համար մեղավորներին պատասխանատվության կանչելու համար», - եզրափակված է հայտարարությունում:

Եվրախորհրդի դիտորդները նաեւ ափսոսանք հայտնեցին Հայաստանի իշխանությունների այն որոշման կապակցությամբ, որի արդյունքում այլ միջազգային դիտորդների մասնակցությունը հանրաքվեին կանխվեց: Հանրաքվեի թափանցիկության ապահովումը է'լ ավելի տուժեց խորհրդարանական ընդդիմության որոշումից՝ հետ կանչել ընտրական հանձնաժողովների իրենց ներկայացուցիչներին: Այդուհանդերձ, դիտորդները նկատել են, որ հանրաքվեն ընդհանուր առմամբ արտահայտե’լ է քվեարկությանը մասնակցածների ազատ կամքը:

Քվեարկության օրը, սակայն, մի քանի տեղամասերում դիտորդները ականատես են եղել լուրջ չարաշահումների, որոնք ստվեր են գցել քվեարկության մասնակիցների՝ պաշտոնապես հայտարարված թվի եւ դրա վստահելիության վրա: Եվրոպացիների գնահատմամբ, խախտումներ են եղել նաեւ քարոզարշավի ընթացքում, երբ ապահովված չի եղել զանգվածային լրատվամիջոցների հավասար հասանելիությունը: Քվեարկության օրը դիտորդները եղել են մոտ 150 տեղամասում եւ արձանագրել, որ «ընդհանուր առմամբ մթնոլորտը հանգիստ է եղել, հասարակական կարգի խանգարումներ, միջադեպեր չեն նկատվել, այցելած տեղամասերի մեծ մասում քվեարկությունը կազմակերպվել է միջազգային չափանիշներին համապատասխան՝ բայց ոչ ամենուր. Երեւանի եւ մարզերի ընտրատեղամասերի զգալի մասում դա այդպես չի եղել»:

Հարցին, թե ի վերջո համապատասխանե՞ց հանրաքվեն միջազգային չափանիշներին, եվրոպացիները պատասխանեցին՝ «ոչ ամենուր, բայց այն արտահայտեց մասնակցածների ազատ կամքը»: Ինչ վերաբերում է արդյունքները ճանաչելուն կամ ընդունելուն, ապա, ըստ դիտորդների, դա իրենց գործը չէ, այլ Հայաստանի Կենտրոնական ընտրանական հանձնաժողովինը:

ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ բրիտանացի լորդ Ջոն Թոմիլսոնի խոսքերով, ինքն անձամբ այցելել է 15 տեղամաս եւ 14-ի մասին կարող է ասել, որ քվեարկությունը անցել է շատ լավ: «Բայց մեկում պարզապես խայտառակ խախտումներ էին տեղի ունենում», - փաստեց նա՝ ավելացնելով, որ, այդուհանդերձ, «դա բավարար չէ հայտարարելու համար, թե մնացած 14-ում քվեարկության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»:

«Մի քանի հոգու կողմից կատարված խախտումները չեղյալ չեն հայտարարում ամբողջ գործընթացը», - ավելացրեց ԵԽԽՎ-ի պատվիրակության ղեկավար Տոմաս Յիրժան:

Լորդ Ջոն Թոմիլսոնը փաստեց նաեւ, որ շատ տեղամասերում ինքը ականատես է եղել «չափազանց մեծ էնտուզիազմով տառապող պաշտոնյաների, որոնք փորձում էին ստանալ այն արդյունքը, որն իշխանություններն ակնկալում էին իրենցից»: Մեկ այլ բրիտանացի դիտորդ՝ Քրիստոֆեր Նյուբերին ավելացրեց. - «Կարծում եմ, մենք բոլորս էլ նկատել ենք, որ քվեարկությանը մասնակցողների մեծ մասը «այո» է ասել, բայց կարծում ենք, որ տեղամասերի զգալի մասում մասնակիցների թիվն ուռճացվել է: Իսկ թե իրականում քանի հոգի է մասնակցել քվեարկությանը, դա մի հարց է, որը պետք է մանրամասն վերլուծության ենթարկվի տարբեր աղբյուրներից, եւ մեզ համար շատ շուտ է հիմա թվեր ներկայացնել»:

Անդրադառնալով արդեն հրապարակված 1,5 միլիոն «այո» քվեներին, լորդ Թոմիլսոնը ասաց. - «1,5 միլիոնը, իմ կարծիքով, եւ, կարծում եմ, իմ կոլեգաների կարծիքով եւս իրականությանը չի համապատասխանում: Բայց արդյո՞ք «այո» քվեարկողների թիվը 782 հազարից ավելի շատ էր: Կարծում եմ՝ այո, եւ դա արտահայտում էր հայ ժողովրդի կամքը»:

Հարկ է նշել, որ սա լորդ Թոմիլսոնի կարծիքն էր, այլ ոչ թե դիտորդների պատվիրակության պաշտոնական դիրքորոշումը:

«Մենք ի վիճակի չենք հաշվարկել քվեարկությանը մասնակցածների հստակ թիվը: Բազմաթիվ վերլուծություններ են պետք իրականությունը պարզելու համար», - ասաց մեկ այլ դիտորդ՝ շարունակելով. - «Բայց, եթե եղել են չարաշահումներ, ապա այդտեղ կա նաեւ ընդդիմության մեղքի բաժինը: Իմ կարծիքով, ընդդիմադիր խմբակցությունները իրենց վարքով ո'չ իրենց համար շահեկան դիրքում հայտնվեցին, ո'չ էլ հանրաքվեի համար որեւէ ծառայություն մատուցեցին, որովհետեւ հայտարարել էին, որ բոյկոտելու են հանրաքվեն, բայց որոշ տեղամասերում մասնակցեցին որպես հանձնաժողովների անդամներ, որոշում՝ ոչ, կամ մի տեղ դիտորդ ուղարկեցին, մի տեղ՝ ոչ: Ցավում ենք, որ ընդդիմությունը չմասնակցեց հանձնաժողովների աշխատանքին, քանի որ դա կնպաստեր միջազգային չափանիշների կատարմանը»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG