Մատչելիության հղումներ

Ո՞վքեր են ընտրելու ապագա ռեկտորին


Ուսանողներն արդեն ընտրել են բուհական խորհրդի իրենց 18 ներկայացուցիչներին: Բուհի ղեկավարության կողմից ճնշումներ ու միջամտության փորձեր եղել են ամենասկզբից, պնդում են ուսանողները:

Լուրջ առճակատում է սկսվել 18 անդամների ընտրությունից հետո: Ուսանողներին մեղադրել են առանց կանոնադրության ընտրություն անցկացնելու մեջ: «Կանոնադրության կարիք չկա», - ասում է Ուսխորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը: - «Մենք հիմնվել ենք կառավարության որոշման վրա, հիմք է հանդիսացել նաեւ ԵՊՀ-֊ի մեծ խորհրդի կանոնակարգը, իսկ ընտրության ընթացակարգը՝ խաղի կանոնները, մենք որոշել ենք Ուսխորհրդի նախագահության նիստին»:

«Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Միհրանը նշել էր, որ որոշ ուսանողներ տեղի են տալիս դեկանների ճնշումներին ու հորդորներին: Օրինակ, իրավաբանության ֆակուլտետի ուսխորհրդի անդամ Անի Վարդանյանը անձամբ եղել է ընտրության հաշվիչ հանձնաժողովում, ներկա է եկել ընթացքին, սակայն, հիմա հայտարարում է, որ ընտրությունն անվավեր է: Անին ոչ մի բողոք չունի ընտրության ընթացքից («այն իրապես անցել է առանց խախտումների»), սակայն կարծում է, որ առանց համապատասխան կանոնադրության ընտրությունը վավեր չէ:

«Ընտրություններից առաջ եղել է քարոզարշավ», - վրդովված է Անին: Նրա վկայությամբ, Ուսխորհրդի նախագահը զրուցել է նախագահության բոլոր անդամների հետ, յուրաքանչյուրին տարբեր բաներ ասել: Օրինակ, իրեն Միհրանը ասել է.- «Դե, հասկանում ես, Անի, որոշ փոքր ֆակուլտետներ, մեր կարծիքով, համալսարանական այդ բովերում չպետք է լինեն: Այսինքն խորհրդի կազմում պետք է լինեն այն ֆակուլտետների ներկայացուցիչները, որոնք ավելի մեծ ավանդ ունեն եւ ավելի լայն են ներկայացված»:

Արդյունքում, սակայն, դուրս էր մնացել ոչ թե ռուս բանասիրության փոքր ֆակուլտետի ներկայացուցիչը, ինչպես նախօրոք ասել էր Միհրանը, այլ մեծ ու հեղինակավոր իրավաբանականի ուսանողը: Միհրան Հակոբյանը պարզաբանեց, որ ընտրությունը փակ գաղտնի է եղել. ամեն մարդ ընտրել է նրան, ում կամեցել է: Իսկ իր կարծիքը նա իսկապես չի թաքցրել մյուսներից, եւ եթե ոմանք այն հաշվի են առել ու դրանով առաջնորդվել ընտրության ժամանակ, ապա ինքը միայն գոհ է ու համարում է դա «կոմպլիմենտ»:

Այս պահին կրքերը համալսարանում կարծես հանդարտվել են: Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը «Մաքսլիբերտի»-ին հայտնեց մեզ, որ «խժդժություններ չկան, ոչ ոք ոչնչից չի բողոքում»: Միհրան Հակոբյանը եւս փաստեց, որ այս պահին իրենք դժգոհություններ չունեն եւ չեն ուզում հանրայնացնել ներհամալսարանական խնդիրները:

«ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության անունից եմ ասում. մենք համալսարանականներ ենք, շատ հարգում ենք ԵՊՀ-֊ի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին, մեր դեկաններին: Հաշվի առնելով այս ամենը, մենք այնուամենայնիվ գտնում ենք, որ ամեն ինչ արդար է եղել, վերանայման կարիք չկա եւ չենք էլ վերանայելու»,- հայտարարեց Միհրան Հակոբյանը:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG