Մատչելիության հղումներ

Դիտորդները պնդում են, որ եղել են կրկնակի եւ այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքեր


Մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ընդամենը 10-ը տոկոսը: Ի դեպ, այստեղ հանձնաժողովի քարտուղարի եւ դիտորդական առաքելություն իրականացնողների տվյալները տրամագծոներ տարբեր էին:

Դիտորդներից «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Պերճ Գեւորգյանը պնդում էր, որ, իրենց հաշվարկներով, քվեարկությանը մասնակցել է ընդամենը 102 ընտրող, մինչդեռ հանձնաժողովի նախագահի հաշվարկն անցնում էր 150-ից:

«Ես ինքս տեսա, ինչպես նույն մարդը՝ համատիրության ղեկավարը, երկու անգամ մոտեցավ քվեատուփին ու քվեարկեց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեւորգյանը:

Հանձնաժողովի նախագահը, սակայն, պնդում էր, թե իրենց տեղամասում խախտումներ չեն գրանցվել եւ ամեն ինչ օրինականության սահմաններում է ընթանում. - «Այդպիսի դեպք չի գրանցվել, դա ենթադրություն է, նրանք, հավանաբար, ուղղակի նմանեցրել են այդ մարդուն մեկ ուրիշի հետ»:

Հանձնաժողովի աշխատանքից դժգոհ էր նաեւ «Ազատականություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սամվել Խլղաթյանը, ով պնդում էր, որ հանձնաժողովի անդամները իր աչքի առջեւ ստորագրել են քաղաքացիներ փոխարեն եւ քվեարկել:

իսկ Էջմիածնում եւ հարակից գյուղերում մինչեւ ժամը 16-ը, հանձնաժողովների նախագահների խոսքերով, ընտրողների մոտ 29 տոկոսն արդեն քվեարկել էր:

«Այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 16 հազար 709 մարդ կամ ընտրողների շուրջ 28 տոկոսը, ինչը համապատասխանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ակտիվությանը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թիվ 19 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Արսեն Դավթյանը:

Գրեթե բոլոր տեղամասերում քվեատուփերը աչքի էին ընկնում քվեաթերթիկների առատութամբ, տեղամասերը՝ հանդարտությամբ: Նույնիսկ այն տեղամասում, որտեղ գրացվել էր 40 տոկոս մասնակցություն, 10-20 րոպեում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ականատես էր լինում արավելագույնը 2-3 ընտրողի քվեարկությանը, իսկ հանձնաժողովների նախագահները միաբերան պնդում էին, թե ընտրողների հոսքը հենց նոր է դադարել:

«Առավոտյան է նկատվում ակտիվություն: Ընտրողները մեկ էլ կակտիվանան ընդմիջումից հետո», - կարծիք հայտնեց տեղամասային հանձնաժողովներից մեկի նախագահը՝ չճշտելով, սակայն, թե ինչու են ընտրողները աշխատում հանգստան օրը:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG