Մատչելիության հղումներ

Աբովյանում ընտրատարածքային հանձնաժողովը արձանագրում է ընտրողների բարձր ակտիվություն


Կոտայքի մարզի Աբովյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը, ամփոփելով 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների քանակը, ասաց, որ 30 ընտրատեղամաս ընգրկող ընտրատարածքի 48 հազար 981 ընտրողներից քվեարկությանը արդեն մասնակցել են 19 հազար 621 ընտրող (շուրջ 45 տոկոսը)։

Այս ընտրատարածքի քվեարկության մեկ այլ բնորոշ կողմերից մեկը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունն էր՝ չնայած «Արդարություն» դաշինքի խորհուրդը որոշում է կայացրել ետ կանչել իր ներկայացուցիչներին:

Աբովյանի թիվ 28/14 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Վեներա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ինքը տեղյակ չէ դաշինքի՝ հանձնաժողովներից անդամներին հետ կանչելու մասին որոշմանը եւ լիարժեքորեն իրականացնում է իր պարտականությունները:

Ավելի վաղ հրավիրած ասուլիսում, մինչդեռ, «Արդարություն» դաշինքի ղեկավարները հայտարարել էին, թե բոլոր նրանք, ովքեր կհայտարարեն, որ իրենք դաշինքի անդամներ են եւ մասնակցում են հանձնաժողովների աշխատանքներին, պատահական մարդիկ են եւ ոչ մի կապ չունեն «Արդարություն» դաշինքի հետ:


Ատոմ Մարգարյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG