Մատչելիության հղումներ

Կույրերը եւս հնարավորություն ստացան «տեսնելու» ֆրանսիացի լուսանկարչի աշխատանքները


Այսօր պատկերասրահում էր ոչ միայն ինքը լուսանկարիչը, ում այս ցուցահանդեսը շրջել է աշխարհի շուրջ 30 երկրներում՝ հիացնելով ավելի քան 50 միլիոն այցելուների, այլեւ ծագումով հայ Ալեն Միկլին, ով ցելյուլոզի ացետատից պատրաստել է ցուցադրված լուսանկարների տակտիլ տարբերակը՝ թույլ տեսնող եւ կույր մարդկանց առաջին անգամ հնարավորություն տալով «դիտել» դրանք:

«Դուք մեր աչքերը փոխարինել եք մատներով, դուք մեզ 10 աչք եք տվել տեսնելու համար այս ամենը», - Ալեն Միկլիին ասում էին «Լույսին ընդառաջ» հասարակական կազմակերպության անդամները՝ կույր եւ թույլ տեսնող երիտասարդները՝ դժգոհելով, այդուհանդերձ, որ տակտիլ լուսանկարները բավականաչափ ուռուցիկ չեն:

«Երկիրը երկնքից» ցուցահանդեսը կույրերի համար «տեսանելի» դարձրած տարբերակի հեղինակը խոստացավ, որ անպայման հաշվի կառնի նրանց դժգոհությունները:

«Հնարավոր է որ լինեն թերություններ, սա ընդամենը առաջին փորձ է, բայց անպայման պիտի ունենա շարունակություն», - նշեց նա՝ ավելացնելով, որ նմանատիպ աշխատանք է անելու նաեւ Լուվրում:

Յան Արտուս Բերտրանի «Երկիրը երկնքից» ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում անվճար կընդունի իր այցելուներին մինչեւ դեկտեմբերի 18-ը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG