Մատչելիության հղումներ

ՎՈւԱՄ-ը ցանկանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտցնել հակամարտությունների հարցը


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին ՎՈւԱՄ (Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա) կազմակերպության անունից նոյեմբերի 17-ին նամակ է ներկայացվել՝ լխավոր ասամբլեայի 60-րդ նիստի օրակարգում «Տեւական հակամարտությունները Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա» վերնագրով նոր կետ ընդգրկելու խնդրանքով:

Արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վալերի Մկրտումյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե նամակին կից բացատրական գրառման մեջ ընդգծվում է, որ «տեւական հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Մերձդնեստրում լուրջ սպառնալիք են հանդիսանում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, սպառնում են ՄԱԿ-ի անդամ երեք պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Վալերի Մկրտումյանը հայտնեց, թե Հայաստանը փաստթաթուղթ է մշակում, ըստ որի՝ «անթույլատրելի է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հարցի քննարկումը, քանի որ այն կխոչընդոտի ներկայիս բանակցային գործընթացը: Մկրտումյանի խոսքերով, Ռուսաստանն էլ հայտարարություն է արել հարցը օրակարգ չմտցնելու մասին:

Անցած սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի օրակարգ էր մտել «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել էր, որ բանաձեւի նախագիծը օրակարգ էր մտել առանց քվեարկության եւ «որոշակի պայմաններով ու նկատառումներով»: Իսկ օրակարգում ընդգրկելու շուրջ համաձայնությունը եղել էր՝ նկատի ունենալով Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Այս հարցը առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգ մտավ 2004 թվականի նոյեմբերին՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ: Սակայն հարցի քննարկումը անորոշ ժամանակով հետաձգվեց, երբ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգները ներկայացնող դիվանագետ Սյուզան Մուրը հորդորեց Գլխավոր ասամբլեային չմիջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ չխանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG