Մատչելիության հղումներ

Ալբերտ Բազեյան. - «Չկա այն մթնոլորտը, որը շատ կարեւոր է երկրի հիմնական օրենքը բարեփոխելու համար»


Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ավարտից երկու օր առաջ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ Ալբերտ Բազեյանը հրապարակային բանավեճում ներկայացրեցին իրենց տեսակետները:

«Չկա այն մթնոլորտը, որը շատ կարեւոր է երկրի հիմնական օրենքը բարեփոխելու համար», - հայտարարեց Ալբերտ Բազեյանը:

«Իհարկե, ես համաձայն եմ պարոն Բազեյանի հետ, որ լավ կլիներ, որ մեր երկրում լիներ քաղաքացիական համաձայնություն, եւ բոլորը իսկապես անկեղծորեն իրենց ե’ւ տեսակետը արտահայտեին, ե’ւ պաշտպանեին սահմանադրական փոփոխությունների նախագիծը», - արձագանքեց Տիգրան Թորոսյանը՝ շարունակելով. - «Դժբախտաբար, մենք ունենք այն պատկերը, ինչ այսօր ունենք: Մենք ունենք չկայացած քաղաքական ուժեր՝ կուսակցություններ, մենք ունենք կեղծիքն ու սուտը, շատ հաճախ անձնական, խմբակային, կուսակցական շահերը ամեն ինչից վեր դասող քաղաքական ուժեր»:

Անդրադառնալով ավարտվող քարոզարշավին՝ Ալբերտ Բազեյանը պնդեց, որ քարոզչության ողջ գործընթացը «արդեն ինքնին ապօրինի է»:

«Պայմանները ապահովված չեն հավասար քարոզչության համար: Ընդդիմությունը զրկված է ընդհանրապես հեռուստաեթերով իր տեսակետները արտահայտելու հնարավորությունից: Ընդդիմությանը հնարավորություն տրված չէ ապահովել իր տեսակետների արտահայտումը բուհերում, տարբեր հասարակական կառույցների հետ հանդիպումներում», - պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ, ի հակադրություն, իշխանությունները, օգտագործելով վարչական ռեսուրսներն ու լծակները, «այո»-ի քարոզչության մեջ են ներգրավել բոլոր պետական մարմիններին ու պետական պաշտոնյաներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավապահ մարմիններին, հասարակական կազմակերպություններին, ստեղծագործական ու հայրենակցական միություններին, ուսանողությանը:

Մասամբ համաձայնելով ընդդիմախոսի հետ՝ Տիգրան Թորոսյանը ասաց. - «Այո, կատարյալ չէ քարոզչությունը: Ցավոք սրտի, երկու կողմից էլ, մեղմ ասած, քիչ չեն դեպքերը, երբ ներգարվվում են այս քարոզչության մեջ մարդիկ, որոնք բացարձակապես անտեղյակ են ե’ւ նախագծից, ե’ւ չունեն անհրաժեշտ գիտելիքներ, կարողություն իսկապես նման կարեւոր փաստաթղթի վերաբերյալ լուրջ տեսակետ արտահայտելու համար»:

Բանավիճող կողմերը, սակայն, համաձայնության չեկան Սահմանադրության փոփոխված կոնկրետ դրույթների հարցում: Ալբերտ Բազեյանն ընդունեց, որ դրական տեղաշարժեր կան, բայց կան նաեւ փոփոխված հոդվածներ, որոնց հետ ե’ւ ընդդիմությունը ե’ւ անձամբ ինքը համաձայն չեն: Դրանք վերաբերում են հանրապետության նախագահի անձեռնմխելիությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային եւ հատկապես պետական սահմանների փոփոխությանը վերաբերող պայմանագրերի վավերացմանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG