Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանն ուղեկցող «Իրավունք»-ի թղթակիցը փոխանցում է. - «Կալինինգրադից Կիեւ ուղեւորվելիս պատվիրակության անդամները ճակատագրի բերումով խուսափել են կործանումից: Կալինինգրադում օդանավը դուրս է եկել թռիչքուղի եւ պատրաստվել չվերթի, բայց մինչ օդ կբարձրանար, շարքից դուրս են եկել համապատասխան սարքավորումները: Թռիչքն ընդհատվել է վերջին ակնթարթին, ողբերգությունը կանխվել է: Հայաստանի պատվիրակությունն արդեն իջել էր ինքնաթիռից, երբ սկսվեց բացավառվել օդանավի թեւը»: «Մասնագեետների կարծիքով, օդ բարձրանալու դեպքում աղետն անխուսափելի կլիներ», - հավելում է «Ազգ»-ը: Իսկ «Առավոտ»-ը փոխանցում է. - «Ասում են, իբր Կալինինգրադի օդանավակայանի աշխատակիցներից մեկը զգուշացրել էր, որ այս ինքաթիռը չարժե նստել»:

«Ազգ»-ի ձեւակերպմամբ՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Կիեւ խորհրդանշական է այն առումով, որ «հետխորհրդային երկու երկրներում էլ քաղաքական բարեփոխումների անավարտ ընթացքը մեծ ու փոքր սպասելիքների ճշտման խաչմերուկում է»: «Իրավունք»-ի հարցին Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը պատասխանել է. - «Կարծում եմ, ճիշտ է, երբ զարգացումներն ընթանում են եւ հարցերը լուծվում են էվոլյուցիոն ճանապարհով, սակայն յուրաքանչյուր ժողովուրդ ապրում է ճակատագրական այնպիսի փուլեր, երբ անհրաժեշտ են հեղափոխական անցումներ, որոնք խթանում են հասարակության զարգացումը: Իսկ ի՞նչ տվեց մեզ այս մեկ տարին: Տվեց հույս, որը դեռեւս չի մարել»:

«Նոյեմբերի 27-ի քվեարկությանը մնացել են հաշված օրեր, եւ բնականաբար, գնալով ավելի շիկանում են կրքերը: Մի կողմից բնակչության հետ հանդիպումներ անցկացնող ընդդիմադիրների ելույթները դառնում են ավելի կարծր, մյուս կողմից իշխանական քարոզչամեքենան այնպիսի պիտակներ է փակցնում ընդդիմությանը, որ ակնհայտ է իշխանությունների նյարդային պահվածքը», - բնորոշում է «Իրավունք»-ը՝ շեշտադրելով. - «Հատկապես ռեժիմի աչքի գրողն է դարձել ընդդիմության ընտրած բոյկոտի մարտավարությունը, որը քարոզչամեքենան փորձում է ամեն կերպ ծաղրի ենթարկել»: «Չորրորդ իշխանության» հայացքով եւս ընդդիմության միասնական որոշումը՝ բոյկոտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, «կարգին խուժապի է մատնել իշխանություններին»:

«Գոլոս Արմենիի»-ի գնահատմամբ, մեր ընդդիմությունը «երբեք այնքան միասնական եւ համախմբված չի լինում, որքան այն ժամանակ, երբ ոչինչ չանելու առիթ կա». - «Բոյկոտը արմատականների ամենասիրած ձեւն է հատկապես նրա համար, որ ոչինչ չանելուց բացի, այլ մարտավարություն չի նախատեսում: Աշխատանքի չգնալ խորհրդարան, օրենքներ չգրել, չվերահսկել իշխանությանը, չքննադատել օլիգարխներին, կոռուպցիայի դեմ չպայքարել... Հիմա նրանք բոյկոտում են հանրաքվեն»:

«Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը մոտենում է ավարտին: Որքանո՞վ այն կարելի է հաջողված համարել». «Հայոց աշխարհ»-ի այս հարցին «Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանում է. - «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հնարավորինս մանրամասն ներկայացվել է հանրությանը՝ թե ինչ է տալու այն երկրի հետագա զարգացման առումով: Բնականաբար, մատնանշվել են նաեւ այն վտանգները, որոնց կբախվի Հայաստանը նախագիծը մերժվելու պարագայում»: «Իբրեւ լուրջ բացթողում մի բան կմատնանշեի», - շարունակում է Թորոսյանը. - «նախագծի կողմնակիցների եւ ընդդիմախոսների միջեւ հեռուստատեսային բանավեճի սակավությունը»: Անդրադառնալով ընդդիմության հակաքարոզչությանը՝ Ազգային ժողովի փոխնախագահը նկատում է. - «Քարոզչության մեկուկես ամսվա ընթացքում ընդդիմության դաշտում դիրքորոշումները մի քանի անգամ փոխվեցին, ինչն ապացուցում է, որ լուրջ փաստարկներ չկան նախագծի դեմ»:

«Երբ Սահմանադրությունը որպես փաստաթուղթ շրջանառության մեջ դրվեց, ընդամենը մեկ ամիս անց պարզ դարձավ, թե որքան քիչ մարդ կա իշխանության մեջ, ով կխոսի Սահմանադրությունից, դրա համար անհրաժեշտ գիտելիքներ եւ հեղինակություն կունենա, ընդունելի կլինի հասարակության համար եւ կարեւորը՝ դրա բարոյական իրավունքը կունենա», - մատուցում է «Ազգ»-ը:

Փաստելով, որ ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ քիչ չէին տրտնջացողները, թե պատշաճ ուշադրություն չի դարձվում առաջիկա հանրաքվեին, եւ քարոզարշավն իրականացվում է ծուլորեն՝ «Տարեգիր» շաբաթաթերթը ընդգծում է. - «Այժմ պատկերը հակառակն է. իր ուժգնությամբ ու թափով հանրաքվեի քարոզչությունը սպառնում է հավասարվել «Կատրինա» փոթորկին եւ ավերել իր ճանապարհին եղած ամենայն ինչ: «Այո» քարոզողները ժամում 250 կմ արագությամբ աճապարում են բուհեր, մշակույթի օջախներ, զանազան սրահներ ու ակումբներ: «Ոչ» փափագող եւ բոյկոտ քարոզողներն էլ գրեթե նույն արագությամբ արշավում են մարզեր»: «Տարեգիր»-ի որակմամբ՝ քարոզարշավը «վերածվել է ուղեղներ լվանալու ջրիկ առաքելության». - «Նրանք, ովքեր ընկնում են քարոզարշավի թափի տակ, լուրջ վտանգի են ենթարկում եթե ոչ իրենց կյանքը, ապա ողջամտությունը՝ հաստատ»:

«Առանցքային հարցերի շուրջ հայրենի ընդդիմությունը հերթական անգամ հայտնվել է երկփեղկված վիճակում», - գրում է «168 ժամ»-ը: - «Ընդդիմադիր մի հատվածը՝ ի դեմս «18+8» ֆորմատի ու «Արդարություն» դաշինքի, արդեն հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին իրենք հավաքվելու են Երեւանում եւ հենց այստեղ են տեր կանգնելու իրենց ձայներին: Մինչդեռ Արտաշես Գեղամյանը տրամագծորեն բոլորովին հակառակն է պնդում. նա կոչ է անում այդ օրը մնալ տեղամասերում»:

«ԵԱՀԿ դիտորդներին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին չհրավիրելու որոշումը հանրապետության ինքնիշխան գործն է», - «168 ժամ»-ի մատուցմամբ, հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: - «Երբեք ԵԱՀԿ-ն հանրահավաքների նկատմամբ դիտորդություն չի իրականացրել. ո’չ 1995, ո’չ 2003 թվականներին: Հայաստանը հրավիրել է ԵԱՀԿ-ին դիտորդական առաքելություն իրականացնել 2003 թվականի հանրաքվեի ժամանակ, սակայն ԵԱՀԿ-ն չի կարողացել առաքելություն ուղարկել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG