Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը քննարկելու է ԱՊՀ-ից դուրս գալու հարցը


Վրաստանի խորհրդարանը այսօր միաձայն որոշել է սկսել ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու գործընթացի քննարկումը: Քննարկման նախաձեռնող, ընդդիմադիր «ժողովրդավարական ճակատ» խմբակցության անդամ Դավիթ Բերձենիշվիլին հայտարարել է, որ ԱՊՀ կազմում գտնվելը հակասում է ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման ուղեգծին:

«Ռուսաստանն այսօր Վրաստանի գործըները չէ, այդ պատճառով ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցելը հակասում է երկրի ազգային եւ ռազմավարական շահերին: Անհրաժեշտ է լրացուցիչ կոնսուլտացիաներ անցկացնել խորհրդարանական մեծամասնության ղեկավարի եւ Վրաստանի նախագահի հետ», - ըստ «Ինտերֆաքս» գործակալության, հայտարարել է Դավիթ Բերձենիշվիլին:

Խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն ընդդիմության առաջարկը «լիովին ընդունելի է» անվանել՝ նշելով. - «Մենք իրոք պետք է խորհրդատվություններ սկսենք այդ հարցի շուրջ երկրի նախագահի եւ իշխող մեծամասնության հետ»:

Անցյալ շաբաթ Նինո Բուրջանաձեն լրագրողներին ասել էր, որ անձամբ իր համար Համագործակցության կազմից Վրաստանի դուրս գալու կամ մնալու հարցը սկզբունքային չէ, քանի որ «այդ կազմակերպությունը անաշխատունակ է»:

Այս ամիս ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը եւ արտաքին գործերի նախարարությունը խոստացել էին կազմել Վրաստանի համար անցանկալի ռուս պաշտոնյաների «սեւ ցուցակ»՝ դրանում ընդգրկելով Վլադիմիր Ժիրինովսկու, Ալեքսեյ Միտրոֆանովի, Սերգեյ Բաբուրինի եւ այլոց անունները:

Վրաստանը որոշել էր այդ կերպ պատասխանել Ռուսաստանին, որը հրաժարվել էր մուտքի վիզա տրամադրել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG