Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ընտրական հանձնաժողովներից հետ է կանչում իր ներկայացուցիչներին


«Ազգային միաբանություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունները երկուշաբթի օրը որոշել են ընտրական հանձնաժողովներից հետ կանչել իրենց կուսակցություններից առաջադրված անդամներին:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության նիստում միաձայն որոշում է ընդունվել բոյկոտել նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, կոչ անել կուսակցության անդամներին, համակիրներին եւ շարքային ընտրողներին «չգնալ տեղամասեր, չմասնակցել գործող օրենքների բազում խախտումներով ուղեկցվող ոչ լեգիտիմ հանրաքվեին»: Որոշվել է նաեւ հանձնարարել կուսակցության կողմից առաջադրված տարածքային եւ տեղամասային հանձնաժողովների անդամներին որոշումն ընդունելու պահից չմասնակցել հանձնաժողովների աշխատանքներին՝ ներառյալ հանրաքվեի անցկացման եւ արդյունքների ամփոփման գործընթացներին:

«Սույն որոշումը խախտող «Ազգային միաբանություն» կուսակցության անդամների գործողությունները կդիտարկվեն որպես նրանց վրա կիրառված բիրտ ուժի, ճնշումների կամ նյութական շահագրգռվածության դրսեւորման հետեւանք: Վերջիններս կենթարկվեն կուսակցական խստագույն պատասխանատվության», - ասված կուսակցության նախագահության որոշման մեջ:

Կուսակցության քարոզչության աշխատանքները համակարգող Գագիկ Թադեւոսյանը, ով ընթերցեց նախագահության կայացրած որոշման դրույթները, ավելացրեց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը եւս չի մասնակցելու հանրաքվեին առնչվող ցանկացած հարցի քննարկմանը:

Կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մեկնաբանությամբ, այս քայլերով իրենք մեկ անգամ եւս ընդգծում են հանրաքվեի ոչ լեգիտիմության ողջ գործընթացը:

Հանրաքվեի օրը հանձնաժողովների անդամները դիտորդական առաքելություն են իրականացնելու, իսկ հաջորդ օրը նոյեմբերի 28-ին նրանցից յուրաքանչյուրը ճշգրիտ տեղեկություններ է ներկայացնելու համակարգող շտաբին հանրաքվեի մասնակիցների վերաբերյալ:

Հարցադրմանը, թե արդյո՞ք այս քայլով չեն թեթեւացնի հնարավոր կեղծիքներ ու խախտումներ անողների գործը եւ որքանո՞վ է իրատեսական միայն դիտորդների միջոցով հանրաքվեի ողջ գործընթացը վերահսկելը, Արտաշես Գեղամյանը պատասխանեց, թե արդեն այսօր Երեւանի համայնքներում «անառողջ մրցակցություն» է հայտարարված՝
ով քանի ձայն կապահովի հօգոտ սահմանադրական փոփոխությունների: Նրա պնդմամբ, հանձնաժողովներում իրենց կուսակցությունը ներկայացնող անդամներն արդեն իսկ ենթարկվում են ճնշումների, սպառնալիքների: Ըստ որոշ տեղեկությունների, ընտրական տարբեր հանձնաժողովների ընդդիմադիր որոշ անդամների նույնիսկ կաշառելու ձախողված, իսկ երբեմն էլ հաջողված փորձեր են արվել:

«Արդարություն» դաշինքի այսօրվա նիստի օրակարգում նույնպես ընդգրկված էր հանձնաժողովների անդամների հարցը: Դաշինքի քարոզչական աշխատանքները համակարգող շտաբի ղեկավար Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, քանի որ արդեն խախտվել են ինչպես «Հանրաքվեի մասին», այնպես էլ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքների՝ քարոզչությանը վերաբերող դրույթները, «բոյկոտի տրամաբանության մեջ միանգամայն տեղավորվում է հանձնաժողովների անդամներին հետ կանչելու մոտեցումը»:

Օրենքի տրամաբանության մեջ, սակայն, չի տեղավորվում հանձնաժողովների անդամներին հետ կանչելու մեխանիզմը: Ընտրական օրենսգրքով կուսակցությունն իրավասու չէ նշանակելուց հետո հետ կանչել իր ներկայացուցչին: Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են վաղաժամ դադարեցվել սեփական դիմումի համաձայն, նրա մահվան դեպքում, եթե վերջինս զորակոչվել է կամ կորցրել է ընտրական իրավունքը:

«Արդարություն» դաշինքն այս հարցով վերջնական որոշումը կայացնելու է վաղը, եւ, ինչպես ասաց Դալլաքյանը, եթե որոշվի հետ կանչել հանձնաժողովների անդամներին, «դա կլինի քաղաքական հայտարարություն»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի փոխանցմամբ, այսօրվա նիստում կուսակցության քաղխորհուրդը, հաշվի առնելով «Ազգային միաբանության» որոշումը եւ այն, որ «նման տրամադրությունները գերիշխող են «Արդարություն» դաշինքում», որոշում է կայացրել «Հանրապետություն» կուսակցության անդամներին հետ կանչել հանձնաժողովներից:

Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի շտաբում, մինչդեռ, այսօր հրավիրած ասուլիսում քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ մինչեւ հանրաքվեն մնացած օրերն օգտագործվում են հատկապես «չկողմնորոշվածներին կողմնորոշելու համար»:

«Այն փուլերը, որ անցավ քարոզչությունը՝ իրազեկում, հետո բուն քարոզչություն, ցույց տվեց, որ այս մարտավարությունը ամենաարդյունավետն է», - ասաց նա: - «Կարծես թե մեծ թերություններ չունենք արձանագրած»:


Կարինե Քալանթարյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG