Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 29-ը նոյեմբերի)


«168 ժամ»-ի հարցին՝ «Եթե ընդդիմությունը սկսի զանգվածային գործողություններ, իշխանությունը կկիրառի՞ բռնի ուժ, ինչպես 2004-ի ապրիլի 12-ին էր», համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը պատասխանում է. - «Եթե ընդդիմությունը որոշել է նոյեմբերի 27-ին նույնպիսի պարահանդես կազմակերպել՝ խախտելով օրենքները, ապա իշխանությունը կրկին պարտավոր կլինի իրականացնել օրենքով թույլատրված միջամտություն»:

Նույն թերթում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարում է. - «Ես մեկ րոպե անգամ կասկած չունեմ, որ Հայաստանում իշխանությունները փոխվելու են արտահերթ»:

Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայաստանի Հանրապետություն»-ում հորդորում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը գնահատել միայն այն տեսանկյունից, թե ի՞նչ հեռանկարներ է այն բացում Հայաստանի համար: «Բացարձակապես էական չէ, թե ընդդիմություն - իշխանություն հարաբերությունները որ հարթությունում են, ինչքան լարված են, կամ հանդարտ են, որովհետեւ այս փաստաթղթի ընդունվելու դեպքում մեկ հարց է լուծվելու՝ հասարակական զարգացման հարցը... Այս տեսակետից ակնհայտ է», - թերթում ամփոփում է Տիգրան Թորոսյանը, - «որ «այո»-ի դեպքում ընդդիմությունը չի պարտվելու, ոչ էլ «ոչ»-ի դեպքում իշխանությունը կպարտվի: Եվ ոչ էլ նրանցից մեկն է հաղթելու, եթե նախագիծը հաջողություն ունեցավ՝ շահելու են պետությունը եւ հասարակությունը»:

«Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու կոալիցիոն նախագծի քաղաքական նպատակների վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ այդ նախագիծը ոչ այլ ինչ է, քան մի խումբ իշխանական ուժերի համար նախատեսված քաղաքական երաշխիքների համակարգ», - վերծանված է «Հայկական ժամանակ»-ում: - «Այս փաստաթղթով իշխանական տարբեր կլաններ ընդամենը փորձում են սահմանադրական մարկարդակի հասցնել իշխանության որոշակի լծակների տիրապետելու իրենց իրավունքը եւ այդ իրավունքը ապահովագրելու հնարավորություն ստանալ»,-- նշում է մեկնաբանը՝ շարունակելով. - «Սա ամենեւին էլ զարմանալի չէ մի իշխանության պարագայում, որի ներսում մի քանի հակամարտող կլաններ կան, եւ այդ կլաններից յուրաքանչյուրը հասկանում է, որ դիմացինը ուղղակի կոչնչացնի իրեն՝ բացարձակ իշխանություն ստանալու դեպքում»:

«Ընդդիմության որոշումը ստիպում է վերադասավորումներ իրականացնել նաեւ իշխանություններին», - գտնում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ պարզաբանելով. - «Նրանք պիտի փոխեն կեղծիքներ իրականացնելու իրենց հիմնական սխեման: Եթե առաջ խնդիր ունին «ոչ»-ը «այո» դարձնել, հիմա պիտի «նկարչությամբ զբաղվեն» եւ մասնակիցների թիվ ապահովեն»: «Իսկ այն, որ իշխանությունները կեղծելու են հանրաքվեի արդյունքները, կասկածի ենթակա չէ», - պնդում է թերթը՝ ընդգծելով. - «Բավական խոսուն է հենց միայն այն փաստը, որ առ այսօր որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի հայտարարել, թե կեղծիքներ իրականացնողները կպատժվեն»:

«Բոյկոտը կարելի է ասել փրկօղակի պես մի բան է: Բոյկոտի համար փաստարկներ պետք չեն, կարելի է ջանքեր չթափել՝ թուլանալ եւ վայելել անգործության հաճույքը», - «Հայոց աշխարհ»-ում ասում է կոալիցիայի շտաբի քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը: - «Ավելին՝ կարելի է արձանագրել, որ այս դեպքում ընդդիմությունը համախմբվել է պարտության շուրջ, այսինքն՝ պարտության տակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, Քոչարյանն ու կոալիցիան ընդամենը «յուղ են վառում»՝ պնդելով, որ Սահմանադրության փոփոխությունները անհրաժեշտ են երկիրը «ավելի ազատ եւ ժողովրդավար» դարձնելու համար. - «Քոչարյանին եւ իր թիմին փոփոխությունների գիտակցությանը մղել է միայն այն համոզումը, որ գործող իշխանական թիմը երբեք էլ չի կարողանալու համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում»: «Առաջարկվող փոփոխությունները», - բխեցնում է մեկնաբանը, - «հարկավոր են միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանի իշխանական թիմին հետագա գոյատեւման հնարավորություն տալու համար: Հակառակ դեպքում՝ եթե կոալիցիոն այս նախագիծը չանցնի, առաջիկա տարիների քաղաքական կյանքի հիմնական բնորոշիչը լինելու է Հայաստանի նախագահի պաշտոնի համար գնալով ավելի ու ավելի վայրենի դարձող ներիշխանական պայքարը»:

«Յուրաքանչյուր հասարակ քաղաքացի առաջընթացն ընկալում է իբրեւ երկրում ավելի արդար կարգերի հաստատում, երբ բոլորի համար հավասար պայմաններ կապահովվեն», - գրում է «168 ժամ»-ը՝ ավելացնելով. - «Եվ բոլորն էլ տեսնում են, որ ոչ մի այդպիսի բան տեղի չի ունենում ո’չ աջից, ո’չ ձախից»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG