Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է դուրս բերել խաղաղապահ զորախումբը Իրաքից


Բաքվի «Էխո» թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ Ադրբեջանի կառավարությունում, հաղորդել է, թե 2006 թվականի երկրորդ կիսամյակում Իրաքից դուրս է բերվելու Ադրբեջանի խաղաղապահների 150-հոգանոց զորախումբը:

Աղբյուրը նշել է, թե Բաքվի նման որոշումը հետեւել է Իրաքից խաղաղապահների փուլային դուրսբերման մասին Ուկրաինայի, Ճապոնիայի եւ հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ-ի ամենամեծ դաշնակից Մեծ Բրիտանիայի՝ վերջին շաբաթներին հնչեցրած հայտարարություններին:

Ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, Բաքվի նման քայլը կարող է լարվածություն մտցնել Վաշինգտոնի հետ առանց այդ էլ բարդ հարաբերություններում, քանի որ Ադրբեջանի զորախմբի տեղակայումը Իրաքում «ավելի քաղաքական, քան ռազմական նշանակություն ուներ»:

Ըստ քաղաքագետների, որոշման վրա որեւէ կերպ չի ազդել Իրաքում անցյալ շաբաթ տեղի ունեցած միջադեպը, երբ հարձակման արդյունքում վիրավորվել էին թուրքական ընկերություններից մեկի ադրբեջանցի 3 աշխատակիցներ: Թերթը, միեւնույն ժամանակ, նշում է, որ Իրաքում ծառայության ընթացքում Ադրբեջանի խաղաղապահ զորախումբը զոհեր եւ վիրավորներ չի տվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, մինչդեռ, «Էխո»-ին հայտնել են, թե որեւէ տեղեկատվություն չունեն Իրաքից խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG