Մատչելիության հղումներ

Թունիսում Հայաստանի վարչապետի ելույթը զայրացրել է Թուրքիայի պատվիրակությանը


Թունիսում ՄԱԿ-ի հովանու ներքո անցնող Տեղեկատվական հասարակության համաշխարհային 2-րդ գագաթաժողովում (ՏՀՀ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նվաճումների մասին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը առաջացրել է գագաթնաժաղովում Թուրքիայի պատվիրակության խիստ զայրույթը:

«Հայ մասնագետները գագաթնաժողովի ինչպես ժնեւյան, այնպես էլ թունիսյան փուլերում շահել են գլխավոր մրցանակ. էլ-գիտություն անվանակարգում՝ «Արեւի եղանակի կանխատեսում», էլ-մշակույթ անվանակարգում՝ «Արամ Խաչատրյան. Կյանքն ու գործը» սկավառակների, ինչպես նաեւ հատուկ դիպլոմ էլ-կրթություն անվանակարգում՝ «Հայոց Մեծ Եղեռն 1915-1923» սկավառակի համար», - հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը:

Վերջին մրցանակի մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունն էլ զայրացրել է Թուրքիայի պատվիրակությանը: Հազիվ էր վարչապետը հասցրել ավարտել ելույթը, երբ դահլիճից ձայն է խնդրել Թուրքիայի պատվիրակը:

«Պարոն նախագահ, ես ցանկանում եմ մեր ափսոսանքը հայտնել. դժմախտաբար մի բան կա, որ երբեք չի փոխվում: Կրկին, այսպես կոչված «հայկական գենոցիդի» հարցը բարձրացվեց այս պատկառելի վեհաժողովում: Մենք չենք ընդունում նման որեւէ գենոցիդի գոյություն, ոչ էլ դրա հիշատակումը», - վրդովված հայտարարել է Թուրքիայի պատվիրակը:

Վիճաբանությունը Հայաստանի պատվիրակության հետ դեռ կարող է շարունակվել. այսօր գագաթնաժողովում ելույթ է ունենալու Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, կապի նախարար Ալի Աբասովը:

Երկու տարի առաջ Ժնեւում՝ Տեղեկատվական հասարակության առաջին գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթում մեղադրել էր Հայաստանին «տեղեկատվական բնագավառում կովկասյան համագործակցությունը խոչընդոտելու մեջ»: Այնպես որ, չի բացառվում, որ այսօր էլ ադրբեջանցիները հերթական անգամ քննադատեն Հայաստանը:

Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG