Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյան. «Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն չի ունենա»


«Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Մարալիկում այսօր կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի իշխանական կոալիցիայի մաս կազմող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը համոզմունք հայտնեց, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընդունման դեպքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու հնարավորություն չի ունենա:

«Գումարած դրան, ինքը [նախագահը] բազմիցս հայտարերել է, որ նման մտադրություն անգամ չունի: Նախագահին մինչեւ հիմա սատարած քաղաքական ուժերը եւս այն կարծիքի են, որ պետք է Սահմանադրությունը հստակ պահպանվի, եւ որեւէ նախագահ երրորդ անգամ ընտրվելու իրավունք չունենա», - փորձելով փարատել Սահմանադրությանը դեմ քվեարկելու՝ ընդդիմության հիմնական փաստարներից մեկը, հայտարարեց Սամվել Նիկոյանը:

Պնդելով, թե «Եվրախորհրդում Հայաստանին եւ Ադրբեջանին դրել են կշեռքի հավասար նժարներին»՝ պատգամավորը ասաց. «Մենք հնարավորություն ունենք այս հանրաքվեի միջոցով ասել Եվրոպային, որ ձեր քրիստոնեական արժեքների կրողը մենք ենք, ոչ թե Ադրբեջանը»:

Իսկ երկրու օր առաջ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու գաղափարի շուրջ միավորված ընդդիմությունը մոտ 50 ավտոմեքենաներով Երեւանի Շահումյան հրապարակից շարժվեց դեպի Վանաձոր, որտեղ ավելի քան 1000 մարդ էր հավաքվել:

«Մերժելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, դուք մերժում եք 2004 թվականի ապրիլի 12-ին ժողովրդի նկատմամբ վայրագություններ կատարած իշխանություններին, մերժում եք 1998 եւ 2003 թվականների նախագահական ընտրությունները կեղծողներին, դուք մերժում եք Քոչարյանին եւ նրա ռեժիմը», - ասված է ավելի քան երկու տասնակ ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որը հավաքվածներին ներկայացրեց «Արդարության» խմբակցության քարտուղար Վիկտո Դալլաքյանը:

Իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, թե «հանրաքվե, իհարկե, պետք է, բայց ոչ այսպիսի եւ ոչ այս մթնոլորտում: Հիմա պետք է բոյկոտել հանրաքվեն եւ չմասնակցել իշխանությունների խաղին»:

«Իսկ եթե իրանք [իշխանությունները] կեղծեն, փորձեն նորից ուժի ու կեղծիքի միջոցով երկիրը վերցնեն իրենց ձեռքը, այդ դեպքում դուք իրավունք ունեք ապստամբելու, իրավունք ունեք վերջ տալ այս իշխանությանը», - հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Վանաձորում երթուղային տաքսիներին արգելել էին դուրս գալ աշխատանքի, եւ քաղաքի բնակիչները ստիպված էին Արցախի պուրակ ոտքով գալ: «Ճանապարհը փակել են, ոչ մի երթուղային տաքսի չի աշխատում: Հիվանդանոց եմ գնում, ստիպված եմ ոտքով տեղ հասնել», - բողոքեց տարեց մի մարդ:

Մեկ այլ վանաձորցի էլ ասաց. «Քաղաքի բոլոր ճանապարհները փակել են, որ մարդիկ չգան էստեղ հավաքվեն»:

Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG