Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերը չեն վկայում ցեղասպանության մասին»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է դրական արձագանք՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված իր քայլերին:

«Մենք բացել ենք օդային սահմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ», - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի մի խումբ պատգամավորների հետ զրույցի ընթացքում ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ իր կառավարությունը նաեւ միջոցներ է հատկացնում Թուրքիայի Արեւելքում գտնվող հայկական եկեղեցու հիմնանորոգմանը:

Վկայակոչելով Էրդողանի այս մեկնաբանությունը՝ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը նշում է, թե «ժամանակին այդ տարածքը հայոց մշակութայի կենտրոն էր, սակայն Առաջին աշխարհամարտում հայերին այտնեղից տեղահանել են: Հայերը դա անվանում են ցեղասպանություն, ինչը թուրքերը կտրականապես մերժում են»:

«Մենք բացել ենք մեր արխիվները: Հայաստանն էլ, եթե ունի արխիվներ, պարտավոր է բացել: Մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերը չեն վկայում ցեղասպանության մասին», - Կոպենհագենում երեկ պնդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Ինչ վերաբերում է Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին, ապա, ըստ Էրդողանի, «թույլ տալով Թուրքիային միանանալ Եվրամիությանը՝ Եվրոպան պայմաններ է ստեղծում մահմեդական բնակչության ինտեգրման համար»:

«Ինչ էլ պատահի, ի վերջո կարծում եմ, Եվրամիությունը կընդունի մեր երկիրը, քանի որ դա բխում է ե’ւ ԵՄ-ի, ե’ւ Թուրքիայի շահերից», - «Պոլիտիկեն» թերթի նախաձեռնությամբ կայացած քննարկումներում ասել է Էրդողանը եւ ավելացրել, - «Բայց եթե Եվրամիությունը ցանկանա մնալ քրիստոնեական ակումբ, ապա մենք նրանց կասենք «goodbye» եւ հաջողություն կմաղթենք: Մենք միեւնույնն է, կմնանք լավ բարեկամներ եւ կունենանք լավ հարաբերություններ»:

Քննարկումների ընթացքում արծարվել են տարբեր հարցեր, այն թվում՝ Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումները եւ կանանց իրավունքները: Էրդողանը ընդունել է, որ այդ ասպաեզում կան թերացումներ, սակայն կտրականապես հերքել է թուրքական բանտերում կտտանքների մասին լուրերը:

«Եթե կարողանան փաստաթղթերով ապացուցել, որ մեր երկրում տանջում են բանտարկյալներին, ես ստիպված կլինեմ ինչ-որ քայլերի դիմել, բայց չի կարելի հենց այնպես, առանց փաստերի հայտարարել, թե մարդկանց կտտանքների են ենթարկում», - ասել է Թուրքիայի վարչապետը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG