Մատչելիության հղումներ

«Հայաստանում ինտերնետի դանդաղ զարգացման պատճառը հունական ՕTE ընկերությունն է»


Թունիսում ՄԱԿ-ի հովանու ներքո այսօր մեկնարկելու է Տեղեկատվական հասարակության համաշխարհային 2-րդ գագաթաժողովը (ՏՀՀԳ), որին մասնակցելու են ավելի քան 170 երկրների պետական պատվիրակություններ: Թունիս է մեկնել նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը:

Սա ինտերնետի համաշխարհային գագաթնաժողով է, որի նպատակն է խթանել ինտերնետի ու Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նոր զարգացող պետություններում: Առաջին գագաթնաժողովը կայացավ 2003 թվականի դեկտեմբերին Ժնեւում: Դրան ակտիվորեն մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, ով հայտարարեց, թե «Հայաստանը հավակնում է 3 տարվա ընթացքում ինտերնետային կապով ապահովել բոլոր դպրոցները»:

Թունիսում այսօր կհրապարակվի այսպես կոչված «ինտերնետի թշնամի երկրների» ցուցակը: Սրանք այն երկրներն են, որոնց կառավարությունները փորձում են վերահսկեն ինտերնետը, որպեսզի լռեցնեն քաղաքական ընդդիմությունը: «Սեւ ցուցակը», որը գլխավորում են Չինաստանը եւ Իրանը, կազմել է հանրահայտ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporteurs Sans Frontieres) իրավապաշտպան կազմակեպությունը: Նախկին խորհրդային հանրապետություններից ցուցակում են հայտնվել Բելառուսը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը, հատուկ հիշատակվում է նաեւ Ղազախստանը: Հայաստանը այս ցուցակում չկա:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գնահատել է նաեւ ինտերնետի վիճակը Հայաստանում՝ արձանագրելով, որ «նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը այն մի քանի երկրներից է, որտեղ ինտերնետը չի գրաքննվում կառավարության կողմից: Կառավարությունը, սակայն, դանդաղ է գործում ինտերնետի գործունեության զարգացումն ապահովելու հարցում, եւ շատ մարդկանց համար ինտերնետը դեռեւս անմատչելի է»:

Որպես Հայաստանում ինտերնետի դանդաղ զարգացման հիմնական պատճառ նշվում է ինտերնետ կապի բարձր գինը (ամսական շուրջ 50 եվրո) եւ կապի վատ որակը, ինչը խոչընդոտում է արագ մուտքը ինտերնետ:

«Պատճառը՝ հունական ՕTE ընկերությունն է, որին 15 տարով տրված մենաշնորհը հիմնական խոչընդոտն է Հայաստանում ինտերնետի զարգացման համար», - եզրակացնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Իբրեւ քննադատությունն նշվում է նաեւ, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի ինտերնետային մամուլը հնարավորություն չի ունեցել լուսաբանել ընտրությունները:

Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG