Մատչելիության հղումներ

Ռամիզ Մելիքով. «Ռուսաստանը աջակցում է Հայաստանին»


Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ռամիզ Մելիքովը հայտարարել է, թե Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է Հայաստանին՝ դրանով իսկ փորձելով իր ազդեցության տակ պահել տարածաշրջանի երկրները:

«Վրաստանից Հայաստան տեղափոխված 16 «Ակացիա» ինքնաշարժ հրետանային կայանները ապրիլին տեղակայվել են Ադրբեջանի հետ սահմանին՝ Ղազախի շրջանի ուղղությամբ: Այս կապակցությամբ Ադրբեջանը անհրաժեշտ քանակությամբ փաստեր ունի», - ըստ Բաքվի «525-րդ թերթի», հայտարարել է Մելիքովը:

«Հայաստանում տեղակայված ռազմական տեխնիկայի մի մասը տեղակայվել է Ադրբեջանի հետ սահմանին եւ մեր օկուպացված տարածքներում: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ տեխնիկան վաղը չի օգտագործվի Ադրբեջանի դեմ», - շեշտել է Ռամիզ Մելիքովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ գնդապետ Նիկոլայ Բարանովի հայտարարությունները:

«Վրաստանից Հայաստան տեղափոխված ռուսական ռազմատեխնիկան չի կարող հայ-ադրբեջանական հարաբերությունների ապակայունացման պատճառ դառնալ», - անցած հինգշաբթի Երեւանում հայտարարել էր Նիկոլայ Բարանովը:

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ռազմակայանի մամլո քարտուղար Կարեն Խաչատրյանը, իր հերթին, հստակեցրել էր, որ խոսքը միայն տեխնիկայի մասին է, քանի որ «ռուսական զորքերն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում»:

Հանդիպման ընթացքում հիշեցվել էր նաեւ, որ 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված պայմանագրի համաձայն ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում հետապնդում են միայն մեկ նպատակ. տարածաշրջանային կայունության ապահովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG