Մատչելիության հղումներ

Հայկական մշակույթի կենտրոնի շենքը հրկիզելու փորձ Պյատիգորսկում


Ռուսաստանի Ստավրոպալի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում նոյեմբերի լույս 13-ի գիշերը փորձ է արվել հրկիզել քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնը, որտեղ գտնվում են մի շարք հայկական հասարակական կազմակերպությունների գրասենյակները:

Ստավրոպոլի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ, երեք հանցագործները նախապես կանաչ ներկով շենքի պատին գրել էին «Ալլահ աքբար», որից հետո պատուհանից ներս էին նետել պայթուցիկ խառնուրդով շիշը: Բարեբախտաբար, պայթյունի ալիքը բախվել է պատուհանի շրջանակին, եւ չի ներխուժել ներս: Կենտրոնի դիմաց գտնվող բնակելի տների բնակիչները լսելով պայթյունի ձայնը, կանչել են հրշեջների, որոնք եկել են յոթ րոպեի ընթացքում եւ հանգցրել են բռնկված հրդեհը:

Ռուսաստանի հայերի միության Ստավորպոլի երկրամասի գործադիր տնօրինության նախագահ Էդուարդ Քոնդյանը համոզմունք է հայտնել, թե «կատարվածը մահմեդականների ձեռքի գործը չէ»:

«Այդ վարկածը մենք ընդհանրապես չենք դիտարկում: Մենք կապ ենք տեսնում Պյատիգորսկում Հայկական մշակույթի կենտրոնի շենքի հրկիզման փորձի եւ օրերս Բուդյոնովսկում կատարված վայրագության միջեւ, - նշել է Քոնդյանը՝ ավելացնելով, թե «ընդհանրապես, եւ Պյատիգորսկում, եւ երկրամասում բավականին հաճախակի են էթնիկ փոքրամասնությունների դեմ ուղղված գործողությունները»:

Իսկ «Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, թե Պյատիգորսկում բնակվող 7 ազգային համայնքները միավորող խորհուրդը դատապարտել է այս «վանդալիզմի ակտը՝ կոչ անելով քաղաքի բնակիչներին չդիմել պատասխան գործողությունների»:

Ստավրապոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում անցած հինգշաբթի օրը այս տարի արդեն երրորդ անգամ պղծվել էր «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին» հուշարձանը, որն ընկալվում է նաեւ իբրեւ հայ-ռուսական բարեկամության հուշարձան:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG